Այսօր 2014թ բյուջեի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց է ուղղել ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Նա նշել է, որ հունվարի մեկից զինծառայողների համար աշխատավարձը բարձրանալու է, սակայն երբ սկսկի գործել պարտադիր կուտակային օրենքը, ապա այն զինծառայողները, որոնք ծնվել են 1974թ-ից հետո, նրանք նվազ աշխատավարձ են ստանալու` վճարելով նոր հարկատեսակ: «Ստացվում է, որ նրանց աշխատավարձը իբր թե բարձրանալու է: Ասեք, թե որքա՞ն է կոնկրետ կազմելու նրանց աշխատավարձը»,- հարցրել է Զարուհի Փոստանջյանը:
Կորյուն Նահապետյանը սկզբում կարծիք է հայտնել, որ որոշ պատգամավորներ քաղաքական հարցադրումներ անելիս, պետք է մի քիչ զգույշ մոտենան զինված ուժերի և երկրի անվտանգության հարցերին: «Ասում եք, թե այդ հավելումը չնչին է՝ ես ձեզ ընդառաջ քայլ չեմ անի։ Այդ հավելումը արվում է այն չափով, ինչ չափով, որ պետությունը հնարավորություն ունի»,- նշել է Կորյուն Նահապետյանը` հավելելով, որ ինքն անձամբ շատ կուզենար, որ զինծառայողների աշխատավարձի բարձրացումը շատ ավելին լիներ, քան կա: Նա խորհուրդ է տվել չմտածել, որ եթե պարտադիր կուտակային համակարգ են ներդնում, ուրեմն այդ զինծառայողների վիճակը ծանրանալու է: Նա առաջարկել է Զարուհի Փոստանջյանին, հանդես գալ առաջարկություններով, եթե ունի դժգոհություններ: Արձագանքելով, Զարուհի Փոստանջյանը նշել է, որ երբ ամբիոնից խոսվում է երկրի մարտունակության մասին, ապա պետք է հիշել նաև թե՛ Շանթ Հարությունյանին, թե՛ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, որովհետև նրանք էլ ժամանակին գնացել են սահման ու պաշտպանել երկիրը: «Անարդարացի է զինծառայողների աշխատավարձի տասը տոկոս բարձրացումը, եթե երկու հարյուր տոկոսով բարձրանում է նախագահի աշխատավարձը: Պետք չէ այստեղ թյուրիմացության մեջ գցել հենց զինծառայողներին»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Էմմա Պալյան