Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ գաղտնի նիստը: «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ երեկ հանձնաժողովի անդամները քննել են ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին: Նա, սակայն, Araratnews.am-ի հետ զրույցում հրաժարվեց երեկվա նիստի մասին որեւէ պարզաբանում տալ, սակայն չհերքեց իր մասնակցությունը:
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ քննել են քառօրյայի մասնակից զինվորի, բայց չկարողացավ հիշել անունը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը, հավանաբար, կլինի մեկ շաբաթից: Պատգամավորը չբացառեց, որ այս անգամ կքննեն քառօրյա պատերազմի հետ առնչություն ունեցած բարձրաստիճան պաշտոնյայի: Թե ում կհարցաքննեն, հանձնաժողովի անդամը տեղյակ չէր:
Արմեն Խաչատրյանը տրամաբանական է համարում բարձրաստիճան պաշտոնյաներին քննելը: Դրա անհրաժեշտությունը, ըստ նրա, կա:
Ապրիլյան պատերազմի անմիջական պատասխանատուներն են Սերժ Սարգսյանը՝ որպես այն ժամանակ երկրի ղեկավար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արմեն Խաչատրյանին հարցրինք՝ ե՞րբ է հանձնաժողովը քննելու նրանց: Ժամկետ օրենսդիր մարմնի անդամը դժվարացավ ասել, բայց կարծում է՝ մինչեւ տարեվերջ հանձնաժողովը պետք է ավարտի իր աշխատանքներն ամբողջությամբ:
Սոնա Դավթյան