Ինչպես գիտենք, այսօր Վիեննայում կկայանա Սերժ Սարգսյան և Իլհամ Ալիեև հանդիպումը: Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Թաթուլ Հակոբյանի հետ, ով անդրադարձել է այս հանդիպմանը և դրանից բխող հետևանքներին.«Հանդիպումը, որ տեղի է ունենալու այսօր՝ կարևոր է: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այս երկու առաջնորդներն էլ չեն վայելել իրենց երկրի հասարակության ձայները, ավելի եթե կոնկրետացնեմ, ապա պետք է ասեմ, որ նրանք կեղծիքներով են եկել իշխանության, բայց այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ այս մարդիկ ներկայացնում են իրենց պետությունը և, հետևաբար, նրանց հանդիպումը համարում եմ չափազանց կարևոր՝ մի քանի իմաստներով: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ հնարավոր է բեկում բանակցային գործընթացում: Ըստ էության, Կազանում ձախողված վերջին հանդիպումից հետո, որով վերջ դրվեց Դմիտրի Մեդվեդևի միջնորդությանը, սա առաջին հանդիպումն է:Այս հանդիպումը կարևոր է նախ և առաջ այն պատճառով, որ երբ որ դիվանագետները, նախագահները, արտգործնախարարները չեն բանակցում, նրանց փոխարեն կրակում են դիպուկահարները, որին զոհ են գնում երիտասարդ հայեր և ադրբեջանցիներ, իսկ ամեն մի զոհը մի ողբերգություն է ամեն մի ընտանիքի համար:
Երկրորդ` երբ, որ երկար ժամանակ տեղի չի ունենում բանակցային գործընթաց, ինքնին մեծանում է պատերազմական հռետորաբանությունը, և մենք դրա ականատեսն ենք լինում, ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, այլ նաև, վերջին շրջանում այդ բանակցությունների բացակայության հետևանքով տեղի են ունենում մի քանի արտասովոր դեպքեր, որոնք չեն եղել 94 թվականից հրադադարից ի վեր։ Ըստ էության. առաջին`հայ-նախիջևանյան սահմանը, որը միշտ հանգիստ է եղել, օգոստոսի վերջերին գրանցվեց զոհ հայկական կողմից, երկորդ`արդեն երեք շաբաթ է փակ է Երևան-Թբիլիսի կամ Իջևան-Նոյեմբերյան հիմնական մայրուղին, որով անցնում է այդ ճանապարհը, քանի որ Ադրբեջանից դիպուկահարներն անընդհատ կրակում են: Երրորդ`ադրբեջանական կողմն անընդհատ կրակ է բացում Բերդի ուղղությամբ, ահա այսպիսի աննորմալ դեպքեր են տեղի ունենում»,-նշել է Թաթուլ Հակոբյանը: Վերջինիս կարծիքով, այս ամենի պատճառը հենց հանդիպումներ չլինելու հանգամանքն է: Թաթուլ Հակոբյանը նշել է, որ պետք չէ այս հանդիպումից որևէ լուրջ արդյունք սպասել: Քաղաքագետի կարծիքով, նման հանդիպումները «տաք գլուխներին» զսպում է, որպեսզի նրանք մտածեն խաղաղության, այլ ոչ պատերազմի մասին:
Էմմա Պալյան