Araratnews.am-ի թղթակիցը երեկ ականատես է եղել բավական տխուր ու մտահոգիչ դեպքի: Թումանյան փողոցի հանրային սննդի օբյեկտներից մեկում 4 անփաչահաս՝ մոտավորապես 10-13 տարեկան, ներս մտնելուց հետո սկսեցին ծխել ու սնունդ պատվիրել՝ կոկտեյլ, գազավորված ըմպելիք, համբուրգեր։
Ուշադրության էր արժանի այն, որ անչափահասներից մեկը՝ մոտավորապես 10 տարեկան տղան, էլեկտրոնային ծխախոտ էր օգտագործում: Դեռահասները գլուխ գովելով պատմում էին՝ ծնողները դեռ գլխի չեն ընկել, որ իրենք ծխում են, ծնողներից մեկն անգամ ծիծաղել է, չի հավատացել, երբ որդին համարձակ ասել է իր ծխելու մասին։
Արդյոք պետությունը կամ շարքային քաղաքացին, որն անտարբեր չէ խնդրի հանդեպ, կարող է օրենքով պայքարել երեւույթի դեմ: Ուսումնասիրելով ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին օրենքի 8-րդ հոդվածը՝ տեղեկացանք, որ անչափահասներին արգելվում է ծխախոտ վաճառել, հետևաբար՝ առաջին պատասխանատուն առեւտրային գործունեություն ծավալող օբյեկտն է:
Երկրորդ պատասխանատուն, թվում է, թե հանրային սննդի օբյեկտն է, սակայն, օրենքը, արի ու տես՝ թերի է: Մասնավորապես՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որը դասակարգում է «հանրային սննդի օբյեկտներ» հասկացությունը, չի սահմանում մուտքի սահմանափակում. այնտեղ կարող են հաճախել ինչպես մինչև 18 տարեկան անձինք, այնպես էլ 18 տարեկանից բարձր: Միայն «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայման արգելքը տարածվում է հանրային սննդի օբյեկտների տարածքների նկատմամբ առանց որևէ տարբերակման կամ սահմանափակման: Իսկ եթե անչափահասը մտել է հանրային սննդի օբյեկտ՝ ծխախոտ հայթայթած, արդյոք կարող է օբյեկտի սեփանականատերն արգելել: Պարզվում է՝ կարող է, բայց դա որոշում է օբյեկտի ղեկավարը:
Ո՞րն է լուծումը: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն առաջարկում է սկսել ոչ թե խնդրի վերջին օղակից՝ հանրային սննդի օբյեկտից, այլ ծխախոտ վաճառող առեւտրի կենտրոնից: «Կա՞ տարբերություն՝ անչափահաս երեխան որտեղ է ծխում՝ դպրոցի բակում, թե՞ հանրային սննդի օբյեկտում: Պետք է մեխանիզմներ մշակել անչափահասի՝ սիգարետ ձեռք բերելու դեմ: Առողջապահության նախարարությունը պետք է սկսի խիստ հսկողություն սահմանել սրա նկատմամբ, քանի որ քաղաքականություն մշակողն է, բայց մինչ օրս պարզ չէ՝ ինչպես է վերահսկելու սիգարետի վաճառքը: Առողջապահական տեսչությունը լծակ չունի: Պետք է ուժային մարմիններին տալ հնարավորություն, որ դրանով զբաղվեն՝ սկսեն մոնիթորինգ անել՝ հասկանալու` սիգարետ վաճառո՞ւմ են անչափահասներին, թե՞ ոչ»,- առաջարկում է ՀԿ ղեկավարը:
Մեր հակադարձմանը, թե արդյոք հանրային սննդի սեփականատերերը եւս չպետք է աջակցեն պետությանը՝ անչափահասներին զերծ պահելու վնասակար սովորությունից, Պիպոյանը օրինակ բերեց. «Հանրային օբյեկտը, ունենալով առանձնասենյակ, մշտական լավ հաճախորդներ, որոնք գալիս են, ծխում են, լավ թեյավճար են թողնում, սննդի օբյեկտի տերը կզանգի՞ համապատասխան մարմիններ: Կամ՝ եթե զանգի անչափահասի դեպքում, չե՞ն ասի՝ ինչու այս դեպքում զանգահարում ես, իսկ չափահասների դեպքում՝ չես զանգահարում»:
ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանն էլ ասաց, որ ոստիկանությունը չի հաշվառում ծխող անչափահասներին: «Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ աշխատանքներ է անում: Մտնում ենք դպրոցներ, իրազեկում ենք վնասակար երեւույթների, այդ թվում նաև ծխելու մասին»,- մանրամասնեց ոստիկանության գնդապետը:
Փաստորեն, եթե ծնողը չի կարողանում իրազեկմամբ, դաստիարակչական միջոցներով կանխել իր անչափահաս երեխայի ծխելը, օրենքն էլ որեւէ լծակ չի տալիս, մտահոգ ծնողը չի կարող նույնիսկ իրավապահներին դիմել:
Արդյոք պետք է անչափահասը կամ նրա ծնողները ենթարկվեն քրեական պատասխանատվության նման դեպքերում: Նելլի Դուրյանը համաձայն չէ, քանի որ անչափահասը չի գիտակցում, թե ինչ է անում՝ պետք է կանխարգելիչ, իրազեկող գործողություններով դա անել:
Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ ԱԺ-ը, թեեւ ընդունել է հակածխախոտային օրինագիծը, նախագահն էլ ստորագրել է, բայց պաշտոնական փաստաթուղթը դեռ չի հրապարակվել: Հրապարակումից 10 օր անց օրենքը ուժի մեջ կլինի:
Ինչ վերաբերում է մեր բարձրացրած խնդրին՝ հանրային սննդի օբյեկտներում ծխելուն, ապա մինչեւ 2022 թվականը կգործի «ծխողների եւ չծխողների» գոտիներ հասկացությունը: Սակայն օրենքը անչափահասներին չի արգելում եւ չի էլ արգելի հետագայում ծխել թույլատրելի վայրերում: «Դա ավելի շուտ իրազեկման ու մշակութային խնդիր է: Իրազեկումը մեր մշտական գործողությունն է»,- հիշեցրեց տիկին Մնացականյանը:
Իսկ արդյոք պե՞տք է քրեական պատասխանատվություն սահմանվի անչափահասի կամ նրա ծնողի նկատմամբ: Մարինե Մնացականյանը բացասական է պատասխանում՝ անչափահասը չի հասկանում՝ ինչ է անում: «Ծխախոտը մերժելի դարձնելու մշակույթը պետք է զարգանա, քանի որ շատ անգամ ծնողներն էլ չգիտեն՝ ինչ է կատարվում: Անհրաժեշտ է ծխախոտի վաճառքն արգելել»,- կարծում է նախարարության աշխատակիցը:
Ինչպե՞ս եւ ո՞վ է դա անելու, եթե ուժային կառույցը՝ ոստիկանությունը, չունի վերահսկելու լծակ: Մեր զրուցակցի խոսքով՝ մեխանիզմներ պետք է դեռ մշակվեն: «Գուցե ստեղծվի մի ծառայություն, որ քաղաքացիները կարողանան իրազեկել, եթե տեսնեն նման դեպքեր: Որոշ հսկողություն դրվելու է առողջապահության եւ շուկայի վերահսկողության տեսչական մարմինների վրա»,- մանրամասնեց պաշտոնյան:
Ի դեպ՝ անչափահասին ծխախոտ վաճառող առեւտրի օբյեկտը հակածխախոտային օրենքով տուգանվում է 800.000 դրամով, եթե խախտումն առաջին անգամ է, եթե կրկնվում է՝ կրկնապատիկն ու այդպես շարունակ:
Սոնա Դավթյան