Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ծեծկռտուքից հետո ԱԺ նիստը շարունակվում է:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից խոսեց շուրջ 3 ժամ առաջ ԱԺ-ում կատարված միջադեպի մասին՝ ասելով որ կսպասի քաղաքական գնահատականի, ինչից կախված՝ իրենց խմբակցությունը կորոշի ինչպես կաշխատի խորհրդարանում։ Ապա պատգամավորը հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ նիստերի դահլիճը լքելու մասին: Էդմոն Մարուքյանի ելույթից հետո ԼՀԿ-ն լքեց ԱԺ նիստերի դահլիճը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Եվ ես այսօր, դիտելով այսօր առավոտյան տեղի ունեցածի տեսագրությունը, մի պարզ հարց եմ տալիս. ես, կներեք, որ էսպիսի մանրամասների մեջ եմ մտնում, բայց ստիպված եմ՝ միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ էնտեղ (ԱԺ ամբիոնից դուրս), հարց՝ իսկ ինչ գործ ուներ ելույթ ունեցողն այնտեղ կանգնած: Եվ երբ որ ամբիոնից իջնում էր և մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում. քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ, կամ որտեղի՞ց վստահությունը, եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, եթե նույնիսկ շարժվել էր՝ որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքն իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու դահլիճից: Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, ես չեմ կարող, կներեք, անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո, և ես ուզում եմ ուղիղ ասել, բայց դատապարտում եմ նաև էն, որ մենք տրվում ենք սադրանքների: Իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների, որովհետև, այո, մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ պադիեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք ուզում են մեզ դարձնել իրենց պադիեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից»: