«Անատոլիական պատմություն» հեռուստանովելը, որը շատ դրական արձագանք գտավ հասարակության լայն շրջանակներում, շուտով կավարտվի:
Նովելը նկարահանվել է մեր հայրենակից Մարկ Արենի «Անատոլիական պատմություն» վեպի մոտիվներով:
Araratnews.am լրատվականը մինչ հեռուստանովելի ավարտը բացառիկ զրույց ունեցավ գրքի հեղինակ Մարկ Արենի հետ:
Ձեր «Անատոլիական պատմություն» վեպը բեսթսելլեր է: Ինչո՞ւմ է կայանում գրքի հաջողությունը:
Կարծում եմ, գրքի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ «Անատոլիական պատմությունը» կարող էր պատահել յուրաքանչյուր հայ ընտանիքի հետ: Եվ սրանք պարզապես խոսքեր չեն:
Ես պատասխանում եմ բազմաթիվ նամակների ու հաղորդագրությունների: Նրանց հեղինակների թվում կան մարդիկ, որոնք նմանատիպ պատմություններ են վերհիշում իրենց հարազատների կամ մերձավորների կյանքից:
Գրքում նկարագրված դեպքերը իրակա՞ն փաստերի վրա են հիմնված: Եթե այո` Դուք ումի՞ց եք լսել այս պատմությունը:
Ես երբեք պատմություններ չեմ հորինում: Ես հորինում եմ հերոսին, նրան տեղադրում եմ ինչ-որ միջավայրում, նրա մոտ ժամանակի ընթացքում հայտնվում են հարազատներ և գործընկերներ, ընկերներ և թշնամիներ, իսկ ես հետևում եմ այդ ամենին՝ գրի առնելով, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ: Որովհետև, եթե ես սկսեմ հերոսին կերտել այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի, ես կզրկեմ նրան հնարավորությունից դառնալ այնպիսին, ինչպիսին նա կարող էր դառնալ: Այդպես էլ «Անատոլիական պատմության» մեջ է:
Ես հորինեցի «Գորշ գայլերի» առաջնորդի կերպարը և հաստատակամորեն վճռեցի գոնե մեկ անգամ դավաճանել սովորությանս և նրան սարսափելի ֆիզիկական տանջանքների ենթարկել հայրենիքիցս զրկելու համար: Բայց նա պատահաբար հայտնվեց Բուլղարիայում, պատահաբար մտավ ինչ-որ մեկի տուն և պատահաբար լսեց այն օրորոցայինը, որ մայրն էր երգում իր համար: Այնուհետև պատահաբար հիշողությունը պահպանած մի ծեր կնոջ ձեռքից անցյալից նամակ է ստանում և գիտակցում, որ իրեն կողոպտել են, որ ապրել է ոչ թե իր, այլ ուրիշի կյանքով:
Ո՞րն է գրքի մեսիջը հանրությանը, ի՞նչ եք ցանկացել ասել ընթերցողներին այս գրքի միջոցով:
«Երբեք մի՛ հարցրու, թե որ մեկիդ մահն է գուժում այս զանգը։ Քո՛ մահն է գուժում»,-անգլիացի միջնադարյան բանաստեղծ Ջոն Դոնի այլաբանական այս խոսքը, ինչպես նաև վեպն առաջին հերթին հասցեագրված է թուրքական հանրությանը։
Այժմ Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում է գրքի մոտիվներով նովելը: Ինչպե՞ս կգնահատեք գրքի էկրանավորումը: Արդյոք ռեժիսորն ու դերասանները կարողացել են գրքում նկարագրածը լիարժեք տեղ հասցնել:
«Անատոլիական պատմության» էկրանավորումը լավագույնն է, որ հայտնվել է մեր հեռուստաէկրանին: Եվ սա միայն իմ կարծիքը չէ: Այս ամենում համոզվելու համար պարզապես կարդացեք ինտերնետի հիացական մեկնաբանությունները: Ֆիլմը դիտում են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում երբեք սերիալներ չեն դիտել:
Ինչ վերաբերում է գրքի բովանդակության լիարժեք փոխանցմանը, ապա դա անհնարին խնդիր է ոչ միայն կինոյի, այլ նաև թարգմանության տեսանկյունից: Պատմություն գրել նշանակում է ուրիշներին հասանելի լեզվով նկարագրել ապրված հոգեվիճակը և այն մատչելի դարձնել բոլորի համար: Որպեսզի ինչ-որ մեկը թարգմանի այս պատմությունը, այլ լեզվով կամ էկրանավորի, պետք է այդ «ինչ-որ մեկը» նորից վերապրի իմ այն հոգեվիճակը: Բայց երկու անգամ նույն գետը մտնել չես կարող: Անգամ եթե հեղինակն ինքն է ուզում դա անել:
Թուրքական հաքերները օրերս կոտրել էին դերասաններից մեկի ինսթագրամյան էջը: Ըստ երևույթին, նրանց զայրացրել է դերասանի մարմնավորած կերպարը: Զրույցի վերջում հետաքրքիր է իմանալ, թե Թուրքիան ու թուրքական իշխանությունները ինչպե՞ս արձագանքեցին գրքին:
«Անատոլիական պատմությունը» թարգամանվել է նաև թուրքերեն, որպեսզի Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի 2008 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ նրան հանձնվի:
Դավիթ Հարությունյանը գիրքը տվել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Դավիթի խոսքերով, Թուրքիայի արտգործնախարարին գիրքը դուր էր եկել: Ինչ վերաբերում է Գյուլին, ապա նա ինձ այդպես էլ չզանգեց:
Հայկ Մագոյան