ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով նախատեսվում է երաշխավորված նվազագույն իննամյա կրթության համակարգից ՀՀ-ում անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա կրթական համակարգի: Նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում:
«ՀՀ-ում պարտադիր է հիմնական ընդհանուր կրթությունը: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:
Օրենսդրական նախաձեռնության միջոցով խնդիր է բարձրացվում մրցունակ կրթական համակարգի, մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում բոլորի համար հավասար կրթության մատչելիության, ընդգրկվածության ապահովման նպատակով երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթության համակարգի: Նոր համակարգը հնարավորություն կընձեռի նաև սոցիալապես անապահով խավի երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ, քանի որ կրթության բնագավառի հետագա զարգացումներում առաջնային է մասնագիտական կրթության ոլորտի դերը:
Համեմատական առումով համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում բավականին բարձր է. վերջին տարիներին այն միջինում կազմել է մոտ 90%: Հիմնական կրթության համակարգում ընդգրկվածությունը 2009 թ. կազմել է 92.1%, որը միատարր է տարածքային, գենդերային ու աղքատության խմբերի առումով, և այս իմաստով էական անհավասարություններ չկան: Միևնույն ժամանակ, ավագ դպրոցում համախառն ընդգրկվածության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է` 2009 թ. 83.9%: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ հիմնական կրթությունից հետո սովորողների գրեթե 10%-ն ուսումը շարունակում է նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այսինքն, ավագ դպրոցում ընդգրկվածության ցածր մակարդակը դեռևս չի նշանակում, որ սովորողների զգալի մասը հիմնական դպրոցից հետո դուրս է մնում կրթությունից: Այլ խնդիր է, թե սոցիալական որ խմբերի երեխաներն են շարունակում կրթությունն ավագ դպրոցում, այսինքն` հավակնում կրթության ավելի բարձր մակարդակի:
ՀՀ պետական բյուջեում 2014-2016 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում արդեն միջոցներ նախատեսված են երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում կատարել երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական կրթությունը) կրթական համակարգի ներդրման համար»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ: