Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:
Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:
Լրագրողի հարցը հնչեց այսպես՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու միության ընդհանուր սահմանը, արդյոք Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ լինելո՞ւ է, թե՞ Ղարաբաղը, փաստորեն, դառնալու է Եվրասիական միության անդամ:
«Պատասխանեմ միանշանակ․․․ Մաքսային միությանը կամ մեր որևէ միությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում: [Միության] սահմանները անցնելու են Հայաստանի Հանրապետության ներկայումս ընդունված սահմաններով», — ասաց Ազարովը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյայի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ Հայաստանի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները նախկինում բազմիցս հայտարարել են, որ Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև սահման չի հաստատվի և մաքսակետ չի տեղադրվի, այդ հարցը լուծված է:
Մանրամասները azatutyun.am — ում: