Երեկ Եվրախորհրդարանը հաստատեց Հայաստանի հետ վիզաների պարզեցման համաձայնագիրը, ինչը ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի քիչ խոչընդոտների կհանդիպեն դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ վիզաներ ստանալիս: Փոփոխություններ կան նաև մուլտիվիզաների տրամադրման գործընթացում, այն էˋ ՀՀ այն քաղաքացիները, որոնք դիվանագիտական անձնագիր ունեն, այլևս պարտավորված չեն լինի վիզայի դիմում ներկայացնել Եվրամիության երկրներ կարճաժամկետ այցելության դեպքում: Araratnews.am-ի թղթակիցը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանից մեկնաբանություն է վերցրել այս հարցի շուրջ, թե արդյո՞ք այդ քայլով Եվրոպան չի փորձում իր կողմը գրավել Հայաստանին այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց անդամագրվել ՄՄ-ը: Ըստ Արմեն Մարտիրոսյանիˋ դա կապ չունի ՄՄ ասոցացման հետ.«Սա առանձին գործընթաց է, և այդ առումով անմիջականորեն կապել դրա հետ, իհարկե չենք կարող, իսկ մյուս կողմից՝ պետք է ասենք, որ իհարկե, եթե լիներ ցանկություն Հայաստանի հետ բոլոր կապերը կտրել, բնականաբար այդ պայմանագիրը չէին վավերացնի, ուստի և, սա ոչ իշխանություններին դեպի իրենց ձգելու խնդիր է լուծում, և ոչ էլ` ինչ-որ նոր առանձին իրավիճակ է, և իրենք ի տարբերություն ՀՀ պաշտոնատար անձանց, ավելի հետևողական ու վստահելի գործընկերներ են, և իրենց առջև դրված պարտականություններն իրականացնում են»,- եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը:
Էմմա Պալյան