Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 100-րդ կիլոմետր, Դիլիջանի ոլորաններ: Ընթանում է տաքսի, որի մեջ են տաքսիստը, մեկ կին ուղևոր (նստած է առջևի նստատեղինˋ վարորդի կողքին), երկու երիտասարդ (հավանաբար ուսանողներ) և ես:
Առջևից ընթանում են երկու մեքենաներ, որոնց վրա ամրացված են ինչ-որ դրոշներ:
Տիկին-էս ի՞նչ դրոշակնի են է խփած էս ավտոքերի վրա:
Վարորդ— Գոնշիկնի են երևի, վրացիք են, համարնին վրացական ա:
Տիկին-Դրանց քշտին էլ սոր ընտրություննի ա:
Վարորդ-Որդի՞, Վրաստա՞ն:
Տիկին-Հա, տենանք ով կհաղթե:
Վարորդ-Դե էն վարչապետի թեկնածուն կհաղթե էլի:
Տիկին-Դե եսիմ, Սահակաշվիլու կուսակցությունն էլ թույլ չի, ուղղակի դե դա էլ Ամերիկա-մամերիկա, եսիմ ի՞նչ:
Վարորդ-Չէ, էտ վարչապետինը կհաղթե, դա Պուտինի ղրգած մարդն ա, լավ էլ թափով ա, հաստատ կհաղթե: Կհաղթե ու իրանք էլ կմտնուն էս նոր СНГ-ն: Լսեցիր, Պուտինը ասմ ա սովետը ուզում ա վերականգնե, հմի Վրաստանն էլ պետք ա մտնու, ասմ են սաղ պատրաստ ա մնմ ա սրանք ընտրվին ու ստորագրեն:
Տիկին-Դե բա լավ էլ անմ ա, բա տենց էլ պետք ա ըլի, թե չէ դրին էտ երգիրը քանդեցին, մի երգիր էր էլի, նոռմալ ապրըմ էինք:
Վարորդ-Հա բա ինչ, լավ ա անըմ, սահմաննին բաց կլին, նորմալ փող կսկսե ֆռալ:
Տիկին-Դե հա, մենք առանց Ռուսաստանի կարալ չենք, Ամերիկայից ըստի ի՞նչ պետք ա անեն:
Վարորդ-Տեհա՞ր Սերժն էլ մթամ չուզեր միանա, ոնց խելոքացավ մի օրվա միջին:
Տիկին-Հա դե բա ի՞նչ տեր անել, ռսի դեմ ի՞նչ պետք ա աներ:
Վարորդ-Հա կարալ չի, տեհա՞ր Վրաստանը Ամերիկա-մամերիկա սկսեց խաղացնել՝ ոնց գլխին տվուց Աբխազիան ձեռիցը վիկալավ, Վրաստանը ի՞նչ կարա անե, սահմանն իրանն ա, վերջացավ գնաց:
Տիկին-Դե ուզեն-չուզեն միանալ տին, թե չէ Ամերիկան էտ ի՞նչ տի անել դրանց հմար:
Վարորդ-էտ Եվրոպացոնց էլ տեհանք էլի, էն կացնահարածին որ հանձնեցին Ադրբեջանին, ո՞ր երկիրն էր, հիշըմ էլ չեմ, բա խի՞ էտ երկրին չպատժեցին դրա հմար: Չէ այ ախպեր, մերը ռուսն ա, ռսի հետ լավ ա:
Տիկին-Հա դուզն էտ ա:
Այս պահին վարորդի հեռախոսին զանգ է գալիս և հնչում է. «какая осень в лагерях»:
Այդ ամբողջ ընթացքում ցանկանում էի միանալ խոսակցությանը, սակայն որոշեցի չխառնվել՝ հասկանալու համար, թե մինչև ուր կարող է գնալ այս գեոպոլիտիկ վերլուծությունը:
Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 145-րդ կիլոմետր, Կիրանց, դիմացից գալիս է ավտոբուսների շարասյուն.
Վարորդ -Էս ա, էս էլ ավտոբուսնին են բերըմ բանակի հմար, էն օրը սկոռինին բերին, հետո լեխկավոյ մաշնեքը, սօր էլ ավտոբուսնին:
Տիկին-Էս բանակի հմար ե՞ն բերմ:
Վարորդ-Հա բա էլ ում հմար, սաղ բանակի հմար են բերմ, էս սահմանամերձ հիվանդանոցին մի հատ թազա սկոռի չտվին, սաղ հին ավտոնի են, սաղ բերմ են բանակին են բժանմ:
Տիկին-Հա դե ո՞վ ա հմի ժղովրդի մասին մտածըմ:
Վարորդ-Գիդես չէ՞, էն ա մենք մտնըմ ենք Մաքսային միություն, Ղարաբաղն էլ տալիս ա ռսներին, Ղարաբաղը դառնըմ ա Ռուսական ռազմաբազա:
Տիկին-Խի՞, որ էլ կռիվ-մռիվ չանեն:
Վարորդ-Դե հա էլի, ռսները կգան, թուրքերը էլ ռիսկ չեն անել բան անեն:
Այս ամբողջ ընթացքում մյուս երկու ուղևորները, որոնք հավանաբար ուսանողներ էին, ոչ մի բառ չարտասանեցին, կարծես քննարկվող թեմաները բոլորովին իրենց չէին վերաբերվում, կարծես իրենք ուղղակի զբոսաշրջիկ էին Հայաստանում:
Երևան Նոյեմբերյան ավտոճանապարհի 160-րդ կիլոմետր, Ոսկեպար.
Վարորդ-Էն քիրըդ դեռ Ռուսաստան ա՞,-դիմում է տիկնոջը:
Տիկին-Չէ, Ռուսաստան էին, վերջերս ընտանիքով գնացին Ֆրանսիա:
Վարորդ-Բա խի՞ գնացին, լավ չէ՞ր Ռուսաստան:
Տիկին-Չէ դե նոռմալ գործ չկար, համ էլ Ռուսաստան ի՞նչ կա, Եվրոպա շնորհքով ապրըմ են:
Վարորդ-Հա դե Ռուսաստան ի՞նչ ըլի, Պուտինի ու Սերժի կառավարություննին նույն են էլի, ժողովրդի վրա թքած ունին: Լավ էլ արել են գնացել են:
Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 165-180 կիլոմետրերին ես փորձում եմ գտնել այս երկու ՀՀ քաղաքացիների տրամաբանության գիծը: Փորձում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանի հետ միանալը լավ է, իսկ Եվրոպան վատը, բայց ուղևորուհու ընտանիքը ճիշտ է արել, որ ՌԴ-ից գնացել է Ֆրանսիա: Ինչո՞վ է ՌԴ-ն մեզ համար լավ, երբ Պուտինի ու Սերժի կառավարությունները նույնն են, ու նրանց համար հետաքրքիր չէ հանրության կարծիքն ու վիճակը:
Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 180-րդ կիլոմետր, Ջուջեվան, Դիլիջանում մեզ հանդիպած վրացական համարներով մրցարշավային մեքենան հարվածել էր ռուսական խոլմոգորյան ցեղատեսակի կովին: Վրացիների մեքենայի դիմային հատվածը, դիմապակին ամբողջովին ջարդվել էր, իսկ ռուսական խոլմոգորյան ցեղատեսակի կովը իր համար հանգիստ քայլում էր: Այդ պահին ես բռնեցի վարորդի ու ուղևորուհու տրամաբանության գիծը. «ռսի դեմը խաղ չկա»:
Փաստորենˋ «Եվրոպա через Ռուսաստան»:
Սևակ Մամյան