Վիլնյուսյան գագաթնաժողովին Քրիստոսի ծնունդը չի լինելու, պետությունների ճակատագիրը չի փոխվելու, եւ ամբողջ պանիկան, որ ստեղծվեց սեպտեմբերի 3-ին Հայաստանում, ամեն ինչ կանցնի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Կանցնի Վիլնյուսը, քաղաքականությունը եվրոպական երկների հետ կշարունակվի: Եվրոպան չի հրաժարվի Հայաստանի հետ համագործակցությունից, քանի որ դա հիմարություն կլիներ, եւ Հայաստանը նույնպես չի հրաժարվի այն շարունակելուց: Դա հասկանում են եւ եվրոպացիները, եւ հայերը: Եւ եզրակացություն կարող եմ անել, որ որ ինչ-որ ձեւ այդ համագործակցության շարունակման մասին կստորագրվի կամ կընդունվի Վիլնյուսում հայտարարություն»,- կարծիք հայտնեց Իսկանդարյանը:
Նա նշում է, որ չպետք է մոռանալ, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է Հայաստանի անվտանգության խնդիրները հաշվի առնելով: Ըստ Իսկանդարյանիˋ ով էլ լիներ ՀՀ նախագահը, սեպտեմբերի 3-ին ընդունելու էր նույն որոշումը:
«Հայաստանի ընտրությունն ակնհայտ է, Հայաստանն ունի անվտանգության խնդիր եւ դա բարձրագույն չափանիշ է: Հայաստանը չի կարող այդ կարմիր գիծն անցնել: Ուկրաինան չունի անվտանգության խնդիր՝ ինչպես Հայաստանը, բայց նա կանգնած է տնտեսական կոլապսի խնդրի առջեւ: Ուկրաինայի արտահանումը Ռուսաստանն է, իսկ ներկրումը՝ Եվրոպայից։ Եթե արտահանումը կանգներ՝ Ուկրաինան կլինի տնտեսական կոլապս, այդ իսկ պատճառով պարոն Յանուկովիչի մոտ նույնպես այլ տարբերակ չկար»,-պարզաբանում է Իսկանդարյանը:
Անդրադառնալով նաեւ նրան, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Ասոցացման պայամանագրի նախաստորագրմանը կգնան Մոլդովան եւ Վրաստանը ˋ Իսկանդարյանը նշեց, որ Ռուաստանը Վրաստանի վրա մեծ հաշվով ոչ մի բանով չէր կարող ազդել:
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ կփոխվի հայ- ռուսական հարաբերություններում առաջիկա տարիներին, Իսկանդարյանը նշեց. «Ոչ մի լուրջ բան չի փոխվելու: Ռուսաստանի քաղաքականությունը կմնա այնպես, ինչպես եղել է: Պուտինի այցը դա հաստատումն է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստրատեգիական միության, հաստատումն է ռազմա-քաղաքական փոխահարբերությունների ձեւաչափի»:
Լիլիթ Առաքելյան