Եվրոպայում մեքենաների վաճառքի ծավալն հոկտեմբեր ամսին աճել է, ընդ որում աճ արձանագրվել էր նաև սեպտեմբերին՝ 2011թ. հետո առաջին անգամ: Սպառողներն սկսել են ակտիվանալ՝ շնորհիվ տնտեսության վերականգնման և Իսպանիայում հին մեքենաները նորերով փոխարինելու փոխհատուցման ծրագրի:
Նոր գրանցված մեքենաների քանակը աճել է 4.6%-ով՝ տարեկան կտրվածքով և կազմել 1.4 մլն: Սեպտեմբերին վաճառքն աճել էր 5.5%-ով: Ընդ որում վաճառքն ավելացել է Եվրոպայի 5 խոշոր շուկաներից 4-ում: Բացի Իսպանիայից, մեքենաների վաճառքն աճել է Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Իտալիան միակ երկիրն է եղել, որտեղ նվազումը շարունակվել է:
Renault-ի վաճառքն աճել է 14%-ով, Toyota Motor-ինը՝ 17%-ով, Nissan Motor-ինը՝ 5.1%-ով, General Motors-ինը՝ 6.2%-ով, Volkswagen-ինը՝ 5.7%-ով, PSA Peugeot Citroen-ինը՝ նվազել է 0.7%-ով, Ford-ինը նվազել է 0.2%-ով, Fiat SpA-ինը՝ 7.3%-ով, Hyundai Motor-ինը՝ 2.3%-ով: