Եվրոպան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի հետ ասոցացման պայմանագրի տեքստը և նոր բանակցություններ սկսել ուկրաինական կողմի հետ։ Սակայն ԵՄ-ում պատրաստ են մանրամասն բացատրել այդ համաձայնագրի բոլոր դրական կողմերը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գերատեսչության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի պատասխանատուն։
«Մենք պատրաստ ենք քննարկել Ասոցացման մասին և Ուկրաինայի հետ ազատ և համապարփակ առևտրի գոտի ստեղծելու համաձայնագրի իրականացման բոլոր կողմերը և մանրամասն ներկայացնել բոլոր օգուտները, որոնք համաձայնագիրը կբերի Ուկրաինային։ Այդուհանդերձ, մենք պատրաստ չենք նոր բանակցություններ սկսել համաձայնագրի տեքստի շուրջ», — ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինան հրաժարվեց ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ վարչապետ Ազարովը դա պատճառաբանեց Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությամբ։