Եվրամիությունում ստեղծվել և ստեղծվում են այնպիսի հզոր ֆինանսա-տնտեսական դիսբալանսներ, որոնք կարող են կործանել այդ կառույցը: Այս մասին կարծիք է հայտնել հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Լոնդոնում նա ներկայացրել է իր նոր` «Եվրոպական միության ողբերգությունը» գիրքը, որում հավաքված են նախորդ տարիներին Սորոսի հոդվածները, հարցազրույցները, մամուլի հրապարակումները:
«Եվրագոտու և Եվրամիության հիմնական խնդիրն այն է, որ ԵՄ անդամ վարկատու և անդամ վարկառու պետությունների միջև անդունդը մեծանում է: Եվրամիությունը շարժվում է դեպի երկարատև լճացում, որը կարող է ավելացնել դիսբալանսը: Ցավոք, ԵՄ-ն կարող է դուրս չգալ այդ ճգնաժամից»,- ասել է Սորոսը։
Այս դեպքում, ըստ Սորոսի, լավագույն լուծումը եվրագոտուց Գերմանիայի դուրս գալն է: Սակայն, կարծես, այլևս խնդիրն այդպես ձևակերպված չէ, կարծում է ֆինանսիստը: «Գերմանիան արդյունքում ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարն անում է եվրոն պահպանելու համար: Եվրագոտու խնդիրն այժմ այն է, որ Գերմանիան միայն անհրաժեշտ քայլերն է անում եվրոն պահելու համար: Իսկ ինչ վերաբերում է այդ պետությունների բյուջեի ավելցուկին և պակասորդին, եվրագոտու պետությունների միջև անդունդը մեծանում է:
Եվրագոտու ֆինանսական ճգնաժամի սուր փուլն անցել է և հիմա ԵՄ-ում սկսվում է քաղաքական ճգնաժամը: Այն արտահայտվում է հիմնականում երկու հարթություններում` եվրոյի դժվարությունները, ինչպես նաև Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների խնդիրները: Արդյունքում, ծայրահեղ աջ կուսակցությունները կարող են ստանալ ընտրողների ձայների մեկ երրորդը: Դա մեծ ազդեցություն կունենա միությունում ընդհանուր իրավիճակի վրա, ինչը և լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս», — ասել է Սորոսը: