Եվրոպական միությունը երեկ կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն այս տարվա հունիսին։
Համաձայնագրերը նախատեսում են ազատ առևտրի գոտիների ստեղծում, ինչը տեղի կունենա հունիսից ոչ ուշ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ համաձայնագրերի ստորագրումը տեղի կունենա հոկտեմբերին, այնուհետև ժամկետը փոխվել էր։
Այս քայլով ԵՄ-ն հստակ ցույց է տվել, որ նախկին ԽՍՀՄ տարածքում իր նախապատվությունները չեն փոխվել․ «ԵՄ-ն հերթական անգամ հաստատում է Վրաստանի և Մոլդովայի հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրացիան։ Մենք վերահաստատում ենք ասոցացման համաձայնագրերը ստորագրելու մեր նպատակը, այդ թվում՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչի նախաստորագրումը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսում, ստորագրումը տեղի կունենա այս տարվա հունիսից ոչ ուշ», — ասվում է հայտարարության մեջ։
Եվրամիության շտապողականությունը նաև պայամանվորված է նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանի ակտիվությամբ։ Հիշեցնենք, որ ՌԴ-ն մի քանի օր առաջ իր կազմի մեջ է ներառել ուկրաինական Ղրիմը։