Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Եվրախորհրդի ներկայացուցիչ Շառլ Միշելը ստորագրել են Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը: Այս մասին Շառլ Միշելը տեղեկացրել է իր թվիթերում:
«Որոշ բաների փոփոխություններն անխուսափելի են, բայց մեր ընկերությունը կպահպանվի: Մենք նոր փուլ ենք սկսում՝ որպես ընկերներ եւ գործընկերներ»,-գրել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ իր հերթին նշել է, որ իրենց ստորագրելուց հետո հաջորդ քայլը Եվրոպական խորհրդարանի կողմից փաստաթղթի հաստատումն է, որը տեղի կունենա հունվարի 29-ի նիստի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Brexit-ը նախատեսել էին 2019 թվականի մարտի 29-ին, սակայն օրենսդրական նախագիծը ձախողվել էր, քանի որ բրիտանական խորհրդարանը մերժել էր այն:
2019-ի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ հաղթեց բորիս Ջոնսոնն ու նրա կուսակցությունը: Հենց նրան հաջողվեց իրականություն դարձնել Brexit-ը: Հունվարի 22-ին հավանություն տվեց Համայնքների պալատը, իսկ հունվարի 23-ին փաստաթուղթը հաստատեց թագուհի Ելիզավետա 2-րդը:
Հաջորդ շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրը, հունվարի 31-ին, գրինվիչի ժամանակով 23:00-ին Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը: Փետրվարի 1-ից կսկսվի անցումային փուլը, որը կտեւի 11 ամիս ու կավարտվի 2020-ի տարեվերջին: