Կորոնավիրուսային հիվանդության աճին զուգընթաց պետք է քաղաքացինորի զգոնությունը ևս մեծանա: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խնդրի հիմնական լուծումը մեկն է. դա իրականության փոփոխությունն է, անհատական վարքագծի փոփոխությունը:
«Մենք միասին պետք է կարողանանք խնդիրը լուծել: Այս առումով հավատում եմ ՀՀ քաղաքացուն, մեզանից յուրաքանչյուրին, և հավատում եմ, որ այս և բոլոր հարցերի լուծումը մեր գիտակցության մեջ է:
Անհրաժեշտ է, որ սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում: Դա կնշանակի, որ մենք ինչ-որ կերպ հսկողություն ենք սահմանում ոչ միայն մեր անհատական վարքագծի, այլև միջավայրի վարքագծի նկատմամբ:
Այսօր մեր խնդիրն է աջակցել առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ էգործում: Մարդիկ մահամերձ վիճակից կյանքի են վերադառնում: Եթե կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք վարակվել այնքան, ինչքանով մեր համակարգը կկարողանա ընդունել, ունենալ մահճակալ, վերակենդանացման բաժանմունքում տեղեր: Եվ մեր խնդիրը պարզ է. այնպես անել, որ չսպառվեն մեր առողջապահական համակարգի կարողությունները»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:
Կառավարությունը շարունակում է առողջապահական համակարգի հզորացմանն ուղղված քայլերը, և հետագայում այդ ուղղությամբ միջոցներ չի խնայելու: Սակայն, ըստ Փաշինյանի, հակահամաճարակային շարժումն ու յուրաքանչյուրի անհատական վարքագիծն է խնդրի լուծման ճանապարհը:
«Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը, որովհետև ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ ես հասել եմ ՀՀ վարչապետի պաշտոնին: Ուզում եմ ասել, որ այս իրավիճակի լուծումը մեր մտքում է, մեր վարքագծի փոփոխության մեջ է»,-համոզվածություն հայնտեց Նիկոլ Փաշինյանը: