տուն Հասարակություն Ես չունեմ հաշված օրեր. ո՞ւմ դեմ է Բաբաջանյանի առաջարկը

Ես չունեմ հաշված օրեր. ո՞ւմ դեմ է Բաբաջանյանի առաջարկը

890
0

Թերթերից մեկն այսօր տեղեկություն է հրապարակել, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Վազգեն Մանուկյանի՝ ՀԽ նախկին նախագահի հրաժարականից մեկ օր առաջ Հանրային խորհրդի մասին օրինագիծ է ներկայացրել, ըստ որի՝ ՀԽ անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն, իսկ եթե ոչ՝ դադարեցնել ՀԽ անդամի գործունեությունը:

Հիմա ՀԽ նախագահը Ստյոպա Սաֆարյանն է, ու եթե օրինագիծն ԱԺ-ում ընդունվի, ըստ թերթի՝ Ստյոպա Սաֆարյանը ՀԽ նախագահի պաշտոնին հրաժեշտ կտա, քանի որ նա քաղաքական չեզոքություն չի պահպանում:

Araratnews.am-ը զանգահարեց ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանին՝ նրա կարծիքը լսելու Բաբաջանյանի  օրինագծի մասին: «Լավ կարծիքի եմ օրինագծի մասին, բայց  պետք է հասկանալ՝ քաղաքական չեզոքությունը ես ու Արման Բաբաջանյանն ինչպես ենք հասկանում: Պետք է հստակեցնել այդ տերմինը»,- ասաց ՀԽ նախագահը:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց՝ հանրային փորձաքննության ժամանակ որեւէ մեկի օգտին մասնագիտական կողմնակալություն չպետք է լինի: Խոսքը չի վերաբերում քաղաքական համոզմունքներ, դիրքորոշում չունենալուն:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց՝ առաջիկայում պետք է հանդիպի Արման Բաբաջանյանին, քննարկի օրինագիծը: «Եթե կարողանանք նրա հետ ընդհանուր հայտարարի գալ, բնականաբար որեւէ առարկություն չենք ունենա, առավելեւս ՀԽ-ի օրենքում հստակեցումներ անելու գործընթացի մեջ ենք»,- մանրամասնեց Ստյոպա Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե օրինագիծն ընդունվելուց հետո հնարավոր է՝ Ստոպա Սաֆարյանը  հրաժարական տա, նա ասաց. «Տեղեկություն հրապարակող թերթը, հավանաբար, տեղյակ չէ, թե դա ինչին է վերաբերում կամ որ պահին է դա անհրաժեշտ: Ստյոպա Սաֆարյանը լավ գիտի՝ երբ է խոսում որպես փորձագետ, երբ՝ քաղաքագետ: Այնպես որ՝ թույլ տվեք տխրեցնել այդ թերթին. ես հաշված օրեր չունեմ»:

Սոնա Դավթյան