«Էտ բիզնեսները դուք կարող եք հանգիստ ճշտել: Ես չունեմ բիզնեսներ, որ հրաժարվեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը, ով հերքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թենախկին ՊԵԿ նախագահ` ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հսկայական բիզնեսներ ունի: Նշենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարություն արեց՝ հղում կատարելով մամուլի հրապարակումներին: «Դուք կարող եք նայել, որ պատկան մարմիններն են դրանով հետաքրքրվել և համապատասխան ապացույցներով հիմնավորվել են, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը, իսկ այդ ամբողջ շղթայի մեջ դուք լայն հնարավորություն ունեք ճշտելու»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Ի պատասխան այն հարցին, թե ֆինասների նախարարությունն ինչու միացրեցին ՊԵԿ-ն, նախ ասաց, որ այդ մասին իրեն չպետք է հարցնեն, ապա նշեց.«Աշխարհում օպտիմալացման ծրագրերը բոլոր տեղերում կիրառվում են: Հիմա ինչի՞ կպցրին, ինչի՞ չկպցրին, և այդ «սուպերնախարար» բառից ես այդքան շատ չեմ ոգևորվում և չեմ էլ անհանգստանում: Այդ «սուպերնախարարը» նշանակում է սուպերպատասխանատվություն, պետք է նայել գործերին»: Գագիկ Խաչատրյանի խոսքով ՊԵԿ-ի և ֆիննախի միացման արդյունքում խնդիր է առաջացել ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելու: «Մենք փորձելու ենք և հետևողական անելու ենք, որպեսզի մեր գործարար միջավայրը բարելավվի, երբ, որ լրատվամիջոցները ոչ նպատակային հոդվածներ են տպագրում՝ դա մեր կյանքը բարդացնում է: Դրա համար ես խորհուրդ եմ տալիս ձեզ, որպեսզի չխոչընդոտեք և խանգարեք, և կտեսնեք, թե մենք ինչքան լավ գործեր ենք արել»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի հայտարարությունների հետ կապված՝ ֆինանսների նախարարն ասաց, որ վարվելու է այնպես ինչպես միշտ վարվել է.«Երբ, որ ձայն տան՝ կպատասխանեմ դուք կլսեք»: