Թագավարակը չշրջանցեց նաև լրագրողներին:
Նազելի Էլբակյանը մայիսի սկզբին թողեց մասնագիտական գործն ու գնաց Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց`վարակվել էր:
«Բուժանձնակազմն ամենասկզբում ինձ առանձին հիվանդասենյակ տրամադրեց, չբացառելով, որ ինձ մոտ հնարավոր է պարզապես մրսածություն լինի, անհրաժեշտ հետազոտություններն իրանակացնելուց հետո արվեց նմուշառում։ Պատասխանը դրական էր»:
Ինչպես Նազելին է ասում` աշխարհը դարձավ անհոտ ու անհամ. կորցրեց համի ու հոտի զգացողությունը:
«5 օր հիվանդանոցում մնալուց հետո ինձ տեղափոխեցին Ծաղկաձոր՝ բուժումը շարունակելու»։
Մեր գործընկերը պատմում է, որ առաջինը բժիշկների հետ մտերմանալն էր:
«Բժիշկները շատ հոգատար էին։ Նրանք ժպտում էին անգամ այդ պաշտպանիչ դիմակների տակից: Այնքան եմ հատուկ հանդերձանքով մարդկանց տեսել, որ թվում է՝ այսուհետ դրսում հայացքով որոնելու եմ նրանց»։
Լրագրողը պատմում է, որ բուժման ամբողջ ընթացքում ընտիր սնունդ են ստացել, բայց որևէ հատուկ կերակրատեսակ չհիշեց, որ պարտադիր էր կամ ավելի օգտակար էր կորոնավիրուսով հիվանդների համար:
«Երեք անգամ սնունդ էին տալիս։ Որևէ բանի պակաս չի եղել»,- ասում է լրագրողը։
Նազելին Ծաղկաձորում ազատ ժամանակ շատ ուներ: Սենյակում միայնակ էր: Կազդուրվում էր, միևնույն ժամանակ զբաղվում ընթերցանությամբ:
«Երեկոյան Աստվածաշունչ էի կարդում, իսկ օրվա ընթացքում՝ Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը»։
Ծաղկաձորում մեկ շաբաթ անց կրկնակի բացասական թեստը ցույց տվեց, որ վիրուսն այլևս չկա: Այժմ լրագրող Նազելի Էլբակյանը տանն է` ինքնամեկուսացած:
«Վերականգնման փուլում եմ: Այս ընթացքում հազարավոր զանգեր ու նամակներ եմ ստանում ընկերներիցս, հարազատներիցս, բարեկամներիցս, ծանոթներիցս։ Բոլորն ինձ դրական լիցքեր են փոխանցում: Ես ոչ մի վայրկյան մենակ չեմ եղել»։
Հայկ Մագոյան