Խորհրդարանը շարունակում է ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին և արդյունքներին վերաբերող զեկույցի քննարկումը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Երբ մեկ տարի առաջ մենք քննարկում էինք կառավարության ծրագիրը, ինձ լրագրողները կարծիք էին ասում, հետո ասում էին՝ եթե դուք քաղաքական մեծամասնության պատգամավոր չլինեիք, այլ զբաղվեիք ձեր նախկին գործով, ասենք, տնտեսական լրագրությամբ, ինչպե՞ս կբնորոշեիք էտ ծրագիրն ու ընդհանրապես կառավարությանը քննադատելիս կամ ինչ-որ կարծիք հայտնելիս ինչպե՞ս կվարվեիք. ուրեմն թե առաջ, թե հիմա, թե հետո ես երբ չեմ ասել, չեմ ասում ու չեմ ասի բաներ, որոնց ես ինքս չեմ հավատում ու որոնք համարում եմ, որ մասնագիտական կամ այլ առումներով սխալ են: Միգուցե ես բաներ ասեմ, որ հետո պարզվի ես ինքս լավ չեմ իմացել, բայց այդ պահին ասում եմ էն, ինչում համոզված եմ, որ ճիշտ եմ ու ինչում համոզված եմ, որ իմ գիտելիքները հերիքում են: Ես, օրինակ, մինչև էս պահը համոզված եմ, որ ես ամբիոնից խոսալու որոշ դժվարություն ունեմ՝ իմ մոտ ասենք կարողա, թեկուզ արդեն մեկուկես տարի կլինի պատգամավոր եմ, բայց խոսալուց երբեմն կարողա ձայնս դողալ կամ բաներ կա չտեղավորվեմ ժամանակի մեջ, բայց ես նախանձում եմ մեր որոշ գործընկերների ինքնավստահությանը. ես ձեր ինքնավստահությունից եմ ուզում, որ չհասկանալով ոչնչից՝ խոսում եք ամեն ինչից: Հիմա ասում եք՝ մեր քննադատություններն ուղղված են մի բանի, որ մենք էտ խնդիրները շուտ նկատենք ու լուծենք: Հիմա ասում եմ՝ լավ եք անում, շատ ուրախ եմ ես էտ ամեն ինչի համար, բայց մի հատ եկեք նայենք, թե դուք ինչքան եք հետևողական: Գալիս խոսում եք տեղեկատվական տեխնոլոգիաներից, ինչ-որ թվեր եք հնչեցնում՝ անուններ հիմա չեմ ասելու: Հետո մինչև ապացուցում ենք, որ էտ թվերը սխալ են, գալիս եք՝ խոսում եք պարենային անվտանգությունից, մինչև ասում ենք պարենային անվտանգության խնդիր չկա՝ գալիս, խոսում եք ավիացիայից, գալիս ասում եք՝ հանցագործությունների թիվը 40000-ով աճել է. 26000-ով թիվն ավել եք ասում: Ասում եք՝ խոսքը հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրությունների մասին է և այդտեղ մտահոգիչն այն է, որ սեփականության դեմ հանցագործությունների թիվն աճել է: Բա որ հանցագործությունները պիտի աճեին, որ ըստ Ձեզ դրական լիներ: Ասենք, եթե բռնաբարություններն աճած լինեին, ասելու էիք, թե դրականա՞ էտ ամեն ինչը»: