Զարուհի Փոստանջյանն ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն եւ իրացրեց այդ ազատությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով թղթակցի այն հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը նախագահ Սերժ Սարգսյանին նախապես «Ժառանգությունում» համաձայնեցված է եղել:
«Զարուհի Փոստանջյանը կայացած քաղաքական գործիչ է, նրանով ես շատ հպարտ եմ: Ինքն ունի իր ինքնատիպ ոճը եւ բովանդակությունը, իր ազատությունը եւ այդ ազատությունը իրացրեց: Պետք չէ վախենալ ժողովրդի շահը ներկայացնել: Հաշվետվողականության չափանիշը ամրագրող հարցը չպետք է դառնա օրակարգ, այլ այն թույլ տվող հանգամանքները»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Զարուհի Փոստանջյանն ավելի շատ բան կասեր ԵԵԽՎ-ում, եթե հարցի համար տրված ժամանակը սահմանափակ չլիներ. «Ես կարծում եմ, որ շատ քիչ ասաց Զարուհին: Ինքը կարող էր ասել, թե ինչու մենք ունենք այսօր ոչ ընտրված իշխանություն, կարելի էր հարցնել, թե ինչպես կարելի է ղումար խաղալ ժողովրդի, սահմանադրության, իրավունքի վրա, ինչպես կարող էր Մեղրիի ճանապարհի դեպքը պատահել, երբ Մեղրիի սահմանից 30 կիլոմետր հեռու՝ Հայաստանի ներսում, ռուս սահմանապահը կանգնեցնում է պատգամավորին եւ խուզարկում»:
Ըստ Ժառանգության առաջնորդի, Զարուհու տված հարցը «շատ ավելի ուղիղ, մարդկային, պարզ հարց էր, քան այն ահավոր քաղաքական ռեպրեսիան, որը հետեւեց դրան»:
«Դա իր իրավունքն է ու թող փորձվի մեկը իրեն կամ «ժառանգությանը» կամ ժողովրդին պատժել իր իրավունքի իրացման համար»,- ասաց քաղաքական գործիչը:
Րաֆֆի Հովհաննիսյանին դուր չի եկել ոչ թե Զարուհի Փոստանջյանի հարցը, այլ Սերժ Սարգսյանի պատասխանը. «Ցանկացած հրապարակային մարդ պետք է կարողանա հանգիստ պատասխանել հարցերին, ոչ թե չարացած, ոչ թե նեղացած: Ես էլ կարող եմ նեղանալ պարոն Սարգսյանի պատասխանից, վիրավորվել այս կամ այն խոսքից, բայց եթե դու հրապարակային ասպարեզում ես, պատասխանատու ես ժողովրդիդ գործունեության, ժողովրդիդ իրավունքի համար, պիտի կարողանաս հանգիստ պատասխանել»:
Հարցազրույցն ամբողջությամբ` news.am