Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ այսօր Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշմանը՝ ասաց.
«Փաստերը անհերքելի են՝ կապված Սահմանադրության հետ: Հարցը շատ տարողունակ է եւ առնչվում է մեծ զանգվածի հետ: Սա անկյունաքար է ՍԴ-ի համար: Այն իր մեջ պարունակում է իրավական լուրջ խդիրներ, նույնիսկ միջազգային խարտիաների հետ լուրջ խնդիրներ: Ինչպես է սա հնարավոր: Ես ուղղակի հույս ունեմ, որ ՍԴ-ն կանտեսի ցանկացած քաղաքական ճնշում, դուրս կգա քաղաքական հարթությունից եւ իրավական տեսանկյունից կդիտարկի այս հարցը»,-ասում է Ռուստամյանը:
Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական դատարանը ունի 3 տարբերակ որոշում կայացնելուˋ հակասահամանադրական ճանաչելու, սահմանադրական, կամ միջին ինչ-որ որոշում: Արմեն Ռուստամյանը կարծում է, որ ՍԴ-ն կգնա միջանկյալ տարբերակով եւ կտա իրավական դիրքորոշում:
«Ամբողջ փաթեթը պետք է վերանայվիˋ պարտադիրի այս բաղադրիչով: Բոլոր այն օրինակները, որ բերում են երկրների հետ կապված, հիմա խորքային քննարկումը ցույց կտա որ այլ ձեւով է գործում: Չիլիում այլ ձեւով է գործում: Այն ձեւով, ինչ ուզում են գործարկել Հայաստանում՝ ունիկալ է, եւ մեզ է միայն պարտադրված»,-ասաց Ռուստամյանը: