Շարլ Ազնավուրը մտադիր է իր առաջիկա մոսկովյան համերգի ժամանակ երգել «Comme ils disent» («Ինչպես ասում են») հայտնի երգը, որ նվիրված է նույնասեռականների խնդիրներին: Այս մասին գրում է իտալական La Repubblica-ն:
90-ամյա աշխարհահռչակ ֆրանսահայը ժամանել է Հռոմ, որտեղ հուլիսի 1-ին Centrale del Tennis մարզադաշտում տեղի է ունենալու նրա հերլական համերգը: Շվեյցարիայում ՀՀ դեսպանը իտալացի լրագրողներին պատմել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ տարվելու և մարդու իրավունքների համար պայքարի մասին: «Ես շարունակում եմ երգել ու երգեր գրել, որովհետև թոշակի գնալը կբացեր մահվան դռները», — նշել է մեծ արտիստը:
Հռոմից Ազնավուրը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, որտեղ նախատեսված է նրա հաջորդ համերգը: Լրագրողները երգչից հետաքրքրվել են, թե արդյոք նա պատրաստվում է Մոսկվայում երգել «Comme ils disent» երգը՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ երգը գրելուց 42 տարի հետո էլ Վլադիմիր Պուտինի գլխավորած երկրում շարունակում են ոտնահարել նույնասեռականների իրավունքները:
«Պուտինի դիրքորոշումը սխալ է: Չի կարելի դատապարտել բնակչության մի ամբողջ խմբի: Իհարկե, ես կերգեմ այդ երգը… ես գոնե այդպես ծրագրում եմ: Սակայն պետք է նշեմ, որ, եթե ինձ ուղղակի խնդրեն չերգել այն, ես կմտածեմ հետևյալ կերպ. ես հարևան երկրի դեսպանն եմ, որին Ռուսաստանն օգնում է, և ես չեմ ցանկանում խնդիրներ ստեղծել: Մինչև վերջին պահը մտածելու եմ այս մասին, բայց գուցե նրանք ուղղակի մոռանան ինձ այդ մասին խնդրել», — ֆրանսիական շանսոնի արքայի պատասխանն է մեջբերում իտալական պարբերականը: