Թուրք անվանի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը ԱՄԷ-ի Շարժա քաղաքում անցկացվող գրքի տոնավաճառի ժամանակ իր կարծիքն է հայտնել Հայոց ցեղասպանության ընդունման և այդ հարցում իր դիրքորոշման առթիվ Թուրքիայի իշխանությունների ոչ բարյացակամ վերաբերմունքի մասին:
Փամուկը հայտարարել է, որ իրեն համարում է խիզախ մարդ և անհրաժեշտ է համարում ասել այն, ինչ մտածում է:
«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար գտնվում են անազատության մեջ: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ասել ճշմարտությունը այն ամենն է, ինչ կարող եմ անել»,- թուրք գրողի խոսքերն է մեջբերում «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պարբերականը նշում է նաև, որ Փամուկի այս խոսքերին լսարանն արձագանքել է բուռն ծափահարություններով:
2005 թ. Թուրքիայի իշխանությունների կողմից՝ ազգայնական ուժերի հրահրմամբ իսկական արշավ սկսվեց Օրհան Փամուկի դեմ: Պատճառը գրողի այն արտահայտությունն էր, ըստ որի՝ Թուրքիայում սպանվել են մեկուկես միլիոն հայեր և 30 հազար քրդեր: