«Ես երբեք թիթեռի հոգեբանություն չեմ ունեցել. այնպես չի եղել, որ լավ օրերին մոռանամ իմ բոլոր ցավերը: Երևի դա մեր գեների մեջ է, մեր ազգային առանձնահատկությունն է՝ միշտ սթափ ու զգոն լինել: Եվ դա շատ կարևոր է, հատկապես վերջին ժամանակներում: Ամբողջ աշխարհն ուղղակի ուզում է մոռանալ ամեն բան, բուռն ուրախանալ, բայց ինձ մոտ դա երբեք չի ստացվում: Էմոցիաներս միշտ զուգորդվում են ամենաթանկարժեք բաներով՝ մայր, ընտանիք, ուսանողներ… Զգոն ես ու որքան էլ ուրախանում ես, ինչ-որ մի բան քեզ միշտ պահում է թիթեռի, մոծակի պես այդ լույսից այրվելուց: Ուզում եմ՝ օրվա ուրախությունը մեզ չայրի, թիթեռի հոգեբանություն չունենանք, քանի որ ժամանակները շատ չար են»,- մի առիթով ասել է հայ թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Աննա Էլբակյանը: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին սիրված դերասանուհին նշում է ծննդյան 56-ամյակը։
Աննա Էլբակյանը կինոյում և թատրոնում բազմաթիվ կերպարներ է մարմնավորել, որոնցից յուրաքանչյուրը սիրելի է նրա համար։ Դերասանուհին կյանքում հանդիպած դժվարությունները փորձում է հաղթահարել լավատեսությամբ, սակայն ցավը մոռանալ չի կարողանում։ Նա առաջնորդվում է բարձր արժանիքներին ու սկզբունքներին հավատալու ձգտումով և կարողանում է ամեն երևույթի մեջ բարին ու դրականը տեսնել։
Նշենք, որ Աննան իր առաջին քայլերը բեմում արել է 17 տարեկանում` խաղալով Էլզիի դերը Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամանակը» ներկայացման մեջ, հետագայում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Յ.Ռայնիսի «Փչիր քամիում» (Բայբա), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» (Ֆանշեթ), Լ.Ռազումովսկայի «Սիրելի Ելենա Սերգեևնա» (Լյալյա), Վ.Շեքսպիրի «Լիր արքա» (Կորդելիա), Վ.Սարոյանի, Թ.Ուիլյամսի, Է.Հեմինգուեյի ստեղծագործությունների հիման վրա «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» (Ուիլի, Թիթի, Ջիգ), Մոլիերի «Տարտյուֆ» (Կոմսուհի), Կ.Մանեի «Օսկար» (Հելեն), Յ.Օ՚Նիլի «Սերը ծփիների տակ» (Աբբի), Վ.Սարոյանի «Քարանձավի բնակիչները» (Թագուհի), Թ.Ուիլյամսի «Անսպասելիորեն անցյալ ամառը» (Կետրին), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Ժուլիետ) և այլն:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և մի շարք գեղարվեստական ֆիլմերում` «Որտեղ էիր, մարդ Աստծո», «Սպիտակ ոսկոր», «Գողը», «Դեմքով դեպի պատը», «Ուրվագիծ», «Երևան ջան», «Էլեգիա» և այլն: 1998-2003 թթ. աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1991-94 թթ.` «Մետրո», 1994-98 թթ.` Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոններում: 2000 թ.-ից աշխատում է Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնում:
Մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում: 2005 թ.-ից Երևանի պետական խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 2005 թ., 2006 թ. և 2008 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: 2001 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2006 թ.` «Տարվա լավագույն դերասանուհի», 2007 թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 2012 թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին, 2013 թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: