Երեւանի պետական համալսարանում ուսման վարձավճարները բարձրացել են: Դրանք կգործեն նոր ուսումնական տարվանից: Պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ այս ամենը վերաբերում է միայն առաջին կուրս ընդունվողներին, նախորդ տարիներին ընդունված ուսանողների վարձերի դեպքում փոփոխություն չի լինի:
ԵՊՀ-ի մատչելի ու ոչ մատչելի ֆակուլտետները
Մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ վարձերն ավելացել են հիմնականում բոլոր ֆակուլտետներում։ Հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչեւ 100․000 եւ ավելիի։
Եթե նախկինում նվազագույն վարձը բուհում 430․000 դրամ էր (խոսքն առկա համակարգի բակալավրիատի մասին է, ՀՀ քաղաքացիների համար), այսօր այն դարձել է 500․000 դրամ։
Այսպիսով՝ ամենամատչելիները ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, կենսաբանության, պատմության, հայ բանասիրության, ժուռնալիստիկայի, ռուս բանասիրության, աստվածաբանության եւ քիմիայի ֆակուլտետներն են։ Գրեթե նույն պատկերն է աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետներում, որտեղ միայն մեկ բաժնի՝ սերվիսի վարձն է, որ 500․000 չէ, այլ 650․000 դրամ, առաջ այն 540․000 էր։
Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետում վարձերը թանկացել են 70.000-ից մինչեւ 90․000-ի սահմաններում, օրինակ՝ մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժիններում նախկին 430․000-ը դարձել է 500․000, ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկայի դեպքում՝ 540․000-ը՝ 650․000։
Ֆարմացիայի ինստիտուտում վարձը 540․000 դրամից դարձել է 580․000, իսկ փիլիսոփայության եւ հոգեբանության դեպքում նախկին 430․000-ը եւ 540․000-ը վերածվել են 500․000-ի եւ 600․000-ի (նայած ֆակուլտետի բաժնի):
Սոցիոլոգիայում կա բաժին, որտեղ վարձերը թանկացել են գրեթե 100․000-ով, օրինակ՝ առաջ եթե տարբեր բաժինների համար գործում էր 490․000 եւ 540․000 դրամը, այսօր դրանք դարձել են 600․000։
Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետում (նախկին ռոմանագերմանական բանասիրության) վարձավճարի չափերը հիմնականում կրկնվում են, այստեղ պահպանվել է նախկին 600․000-ը, առանձին բաժիններում վարձը դարձել է մինչեւ 660․000 դրամ։ Նույն մասնաշենքի արեւելագիտության ֆակուլտետում վարձերն ավելացել են 50․000 դրամով՝ դառնալով 650․000։
Ընդգծենք, որ 500․000 դրամից ցածր վարձ գործում է միայն որոշ ֆակուլտետների հեռակա ուսուցման դեպքում (հայ բանասիրության պատմության ֆակուլտետներ եւ այլն)։
Թանկ ֆակուլտետներ
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ համեմատաբար ավելի շատ վարձ են վճարելու միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության եւ կառավարման, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, իրավագիտության ֆակուլտետների եւ մեկ առանձին բաժնի դիմորդները։
Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ուսանողներն առաջվա՝ 540․000-ի փոխարեն կվճարեն 700․000 դրամ։
Տնտեսագիտության եւ կառավարման դեպքում վարձի նոր չափը 720.000 եւ 780․000 դրամ է: Նախկինում այն 600.000-650․000-ի սահմաններում էր (կախված բաժնից)։
Մայր բուհում ամենաբարձր վարձը իրավագիտության ֆակուլտետում է՝ 1․000․000 դրամ, մինչդեռ նախկինում այն 870․000 դրամ էր։
Նման վարձ է սահմանված նաեւ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի միայն մեկ բաժնի մագիստրոսական ծրագրում՝ կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն։ Ընդգծենք, որ այստեղ վճարը փոփոխության չի ենթարկվել, նախկինում եւս այսքան է եղել։
Վարձերն ավելացել են նաեւ մագիստրոսական ծրագրերում։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: