ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու շուրջ հրավիրվել էր գիտխորհրդի արտահերթ նիստ: Օրակարգում գիտական խորհրդի դերի բարձրացման, ԲՈՒՀ-ի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հարցերն էին: ԵՊՀ ԺՊ Գեղամ Գևորգյանը, չհաստատելով նիստի օրակարգը, դուրս է եկել դահլճից:
ԵՊՀ-ում տիրող իրավիճակի մասին Araratnews.am-ը հետաքրքրվել է ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանից և ԵՊՀ գիտխորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանից:
Ըստ Դավիթ Ափոյանի՝մայիսին, երբ մեկնարկել էր ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների շարքը, համալսարանը պետական ֆինանսավորում չի ստացել: ՈւԽ-ն իր ուժերով հավուր-պատշաճի կազմակերպել է այդ միջոցառումները:
«Միայն սեպտեմբերին է համալսարանին պետության կողմից երկու անգամ 18 մլն դրամ տրամադրվել: 90-ամյակի ժամանակ տրամադրված գումարը գրեթե 10 մլն-ով ավելի է եղել»,- ասաց Ափոյանը:
Դավիթ Մաթևոսյանի խոսքերով, նախատեսվում էր 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք երեկոն անցկացնել «Ռենեսանս» ռեստորանում, որտեղ մեկ աթոռի արժեքը 10-12 հազար դրամ է, իսկ ներկայում այն ցանկանում են կազմակերպել նախկին վերչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսում», որտեղ ինչպես ինքն է նշում, աթոռի արժեքը 40 հազար դրամ է: Մաթևոսյանը երեկոն «Ֆլորենսում» անցկացնելու գաղափարը կապում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանի անվան հետ, ով նախկինում եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը:
Ափոյանն ու Մաթևոսյանը նաև անդրադարձան Բյուրականի ուսումնաարտադրական բազայի վաճառքի խնդրին: Երկուստեք նշեցին, որ Գիտական խորհուրդը դեմ է արտահայտվել այն վաճառելու գաղափարին: «ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն ասում է, որ հարցը դուրս է եկել օրակարգից, մինչդեռ, նախորդ նիստի փաստացի տվյալներով այն հետաձգվել էր»: