տուն Քաղաքական Ենթակա եք, մնացեք ձեր ենթակայության ներքո. Զարուհի Փոստանջյանըˋ ԱԺ նախագահին

Ենթակա եք, մնացեք ձեր ենթակայության ներքո. Զարուհի Փոստանջյանըˋ ԱԺ նախագահին

293
0

big_61fdcd62a

Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստինˋ Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ տեղի ունեցավ վիճաբանություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի միջեւ:

Զարուհի Փոստանջյանն իր ելույթում Հովիկ Աբրահամյանին մեղադրեց ձկնաբուծությունում բիզնես ունենալու մեջ: Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ արտահերթ ելույթով, եւ ի պատասխան Զարուհի Փոստանջյանի ասաց, որ բիզնեսով զբաղվելը օրենքով արգելված է պատգամավորներին, բայց օրենքը թույլ է տալիս բիզնեսի կառավարման և այդ տեսանկյունից ունենալ բիզնես:

«Եթե ձկնաբուծության ոլորտում բիզնես ունենամ, ես չեմ ամաչի այդ մասին հայտարարել»,- նշեց Աբրահամյանը եւ շարունակեց, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր զբաղվում են իր նկատմամբ մամուլով պատվերներ տալով:

«Դա հստակ է, մեր երկիրը փոքր երկիր է, եւ մենք բոլորս գիտենք, թե որ լրատվամիջոցն ում կողմից է կառավարվում եւ ինչ պատվերներ են իջեցվում:  Ինձ համար այսօր եւս մի պատվիրատու ի հայտ եկավ, ով տարածում է, որ ես ունեմ ձկնաբուծական օբյեկտ, զբաղվում են ձկնարդյունաբերությամբ: Փաստորեն, պատվիրատուն դահլիճում նստած է, եւ իմ ցանկում եւս մեկ պատվիրատու ավելացավ, ով իմ հասցեին սուտ հերյուրանքներ է տարածում մամուլում: Դա հարիր չէ պատգամավորին, եւ ես խորհուրդ կտամ զբաղվել իր ընտանիքով, իր երեխաների դաստիարակությամբ: Զբաղվեք ոչ թե Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչներին, լրագրողներին, այլ դրանք տվեք մանկատներին, ծերանոցներին, աղքատներին, հիվանդ երեխաներին»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի հնչեցրած խոսքերիˋ ելույթով կրկին հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը եւ անվանեց Հովիկ Աբրահամյանին եւ կառավարության ներկայացուցիչներին՝ դրածո մարդիկ:

«Դուք նույնիսկ այդ հնարավորությունը չունենք՝ ձեր խղճի ներքո քվեարկելու, հնարավորությունը չունեք ձեր կամքը ազատորեն արտահայտելու, եւ  դա բնական է, դուք դրածո եք: Դուք չեք կարող կառավարության ներկայացրած օրինագծին դեմ քվեարկել, դուք այդ մարդը չեք, որ կարողանայիք ինքնուրույն որոշումներ կայացնել, կամ ինքնուրույն որոշեիք եւ ասեիք հանրապետական ներկայացուցիչներին, որ այս օրինագծին պետք է դեմ քվեարկել»,-ասաց Փոստանջյանը:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հնչեցրած մամուլի մասին խոսքերինˋ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե մամուլին Հովիկ Աբրահամյանը վիրավորում է, ապա վախենում է նրանից, իսկ եթե վախենում է, դա ցույց է տալիս նրա «դրածո»  լինելը:

«Ես չեմ կարծում, որ այստեղ մարդիկ կան, ովքեր պատվերներ են կատարում, ովքեր պետք է պատվիրեն մամուլին՝ ձեր մասին գրել: Այդ ամենը ակնհայտ է, այդ ամենը բոլորին մատչելի ճշմարտություն է, կարիք չկա պատվեր լինի, որ գրեն ձեր մասին: Քաղաքացիները հասկանում են ինչ երկրում են ապրում, լրագրողները նույնպես: Եթե դուք հորդոր եք անում մարդկանց զբաղվել բարեգործությամբ, շատ լավ կլինի դուք թողեք ձեր պաշտոնը, եւ երկիրը կառավարեն նորմալ, ազնիվ,  ազգային մարդիկ, ովքեր  երկրում գողությամբ եւ թալանով չեն զբաղվում, իսկ գողերին եւ թալանողներին կպատժեն»,-ասաց Փոստանջյանը:

Նրա խոսքերովˋ  ՀՀ քաղաքացիները աշխատունակ  բարեկեցություն ստեղծող քաղաքացիներ են եւ կարիք չունեն բարեգործության, եթե  նրանց կառավարությունը չթալանի եւ չմղի արտագաղթի: Նա անդրադարձավ նաեւ Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաղորդմանըˋ հանցագործությունների մասին:

«Ինչի հետամուտ չեղաք, որ այդ թալանը կանխվեր, ինչու չգնացիք այդ հաղորդման հետեւից, ինչու չբողոքարկեցիք։ Թե՞ դուք միայն կարող եք խոսել: Այո դուք կարող եք միայն խոսել, բայց դուք երբեք, լինելով ենթակա, չեք գնա այդ համակարգի դեմ: Դուք էլ նույն համակարգի մի մասն եք կազմում, հետեւաբար խոսել եւ խոհուրդներ տալ արդարության մասին եւ մնացած գործառույթների մասին հարիր չէ ոչ ձեզ, ոչ էլ ձեր գործընկերներին, ովքեր փորձում են նման ելույթներով հանդես գալ: Այնպես որ ենթակա եք, մնացեք ձեր ենթակայության ներքո,  ձեզ համեստ պահեք, ենթակայության ներքո էլ ձեզ պահեք»-ասաց Զարուհի Փոտանջյանը եւ եզրափակեց իր ելույթը:

Ի պատասխանˋ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ տիկին Փոստանջյանի «մաղձին» ըմբռնումով է մոտենում:

«Վերցնում եմ ինձ վրա ձեր մաղձը, բայց այդ մաղձը ավարտ ունի, թե՞ չունի. դա կուզեի իմանալ: Ինչքան ես պետք է դիմակայեմ ձեր մաղձին,  դուք այդքան մաղձ ունեք մեր եւ  մեր իշխանության նկատմամբ: Ամեն դեպքում  ես կառաջարկեմ  մի անգամ գոնե մեծամասնական կարգով պատգամավոր ընտրվեք, եթե հնարավորություն ունենաք»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here