Երևանում այսօր մեկնարկեց «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Օքսֆամ բրիտանական բարեգործական կազմակերպությունը՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և Եվրամիության ֆինանսավորմամբ:
Ինչպես իր խոսքում նշեց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ծրագրի բյուջեն կազմում է 676 հազար, 402 եվրո: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ-ների) կարողությունները՝ իրականացնելու աղքատամետ բարեփոխումների քարոզչություն և շահերի պաշտպանություն՝ հիմք ընդունելով գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ազգային քաղաքականությունների ուսումնասիրությունների և մոնիտորինգի արդյունքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նշեց, որ նախարարությունը ՀԿԾ-ների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի և սոցիալական ոլորտը թիրախավորած ՀԿ-ները բավականին ակտիվ են: Գյուղատնտեսության փոխանախարար Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ իրենք ևս ակտիվ համագործակցում են ՀԿ-ների և բազմաթիվ ՀԿ-ներ ընդգրկված են նախարարության ազգային հանձնաժողովի կազմում: