տուն Տնտեսական ԵՄ Թվինինգներից մեկը փակվեց, մյուսները դեռ ընթացքի մեջ են

ԵՄ Թվինինգներից մեկը փակվեց, մյուսները դեռ ընթացքի մեջ են

143
0

Այսօր տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող «Շուկայի վերահսկողության պետական պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային/ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» Թվինինգ ծրագրի փակումը: Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ այս Թվինինգ ծրագիրն ուներ 3 հիմնական բաղադրիչ: Առաջինը օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների հարցում ԵՄ կողմից Հայաստանի պաշտոնյաներին աջակցությունն էր, որպեսզի ուսումնասիրվեն ԵՄ օրենքներն ու մեր օրենսդրությունը դրանց համապատասխանեցնելու հնարավորությունները: Երկրորդը ոլորտի մասնագետների շրջանում կարողությունների (ունակությունների) բարձրացումն էր, որի շրջանակում իրականացվել են բազմաթիվ դասընթացներ, միջոցառումներ, կազմակերպվել այցեր Մեծ Բրիտանիա և Լիտվա: Այս բաղադրիչի շրջանակում Հայաստանն անդամակցել է մի կազմակերպության, որի շնորհիվ հնարավորություն է ստացել տեղեկատվություն ունենալ համաշխարհային շուկայում վտանգավոր ապրանքների վերաբերյալ: Երրորդ բաղադրիչի շրջանակում իրականացվել են միջոցառումներ և ընդհանուր բնույթի հանդիպումներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում, որպեսզի մասնագետների տեղեկացվածության մակարդակը բարձրանա:

«Ասել, որ նմանատիպ մի ծրագրի իրականացմամբ մենք բոլոր հարցերը կկարողանանք լուծել, որ ամեն ինչ այսօր այս դաշտում արել ենք, սխալ կլինի: Ծրագրի իրականացման շնորհիվ բավականին առաջընթաց կա, և մտածում եմ, որ պետք է այս համագործակցությունը շարունակվի, որպեսզի հետագայում նույնպես հնարավոր լինի ապահովել առաջընթաց և մեր ունեցած համակարգերի ներդաշնակեցում համաշխարհային ժամանակակից ընդհանուր ձևաչափերին և փորձին»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ այլ ոլորտներում իրականացվող Թվինինգ ծրագրերը դեռ շարունակվում են: «Այն ոլորտները և այն թեմաները, որոնք որ հատկապես առնչվում էին և բխում էին Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրից (DCFTA), միգուցե այդ մասերում որոշակի շեշտադրումների փոփոխություն լինի, բայց ընդհանուր առմամբ, Թվինինգ ծրագիրը Հայաստանում շարունակվելու է: Մենք ներկայումս ունենք ընթացքի մեջ գտնվող 7 ծրագիր և ևս 7 ծրագիր Թվինինգի մասով կա նախապատրաստական տարբեր փուլերում: Ամեն դեպքում, մենք հակված ենք ամբողջությամբ այս ծրագիրը շարունակել»,- ասաց Գ. Մելքոնյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here