տուն Լուրեր ԵՄ ԱլԳ Հայաստանի պլատֆորմը դատապարտել է ԱԱԾ ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ

ԵՄ ԱլԳ Հայաստանի պլատֆորմը դատապարտել է ԱԱԾ ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ

214
0

HrayrԵվրամիության Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է մոտ 200 հասարակական կազմակերպություններ, այսօր հայտարարություն է տարածել Հրայր Մանուկյանի հանդեպ ՀՀ ԱԱԾ ապօրինի գործողությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարությունը:

«Օրերս մամուլում հրապարակվեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՀԱՊ) պատվիրակների ժողովի անդամ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համակարգող Հրայր Մանուկյանի հանդեպ սույն թվականի հունիսի 30-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցչի կողմից` հավաքագրման փորձի ընթացքում կատարվել են ապօրինի գործողություններ: Մասնավորապես,  հնչել են սպառնալիքներ Հրայրի, նրա համախոհների եւ ընտանիքի անդամների հասցեին: Այդ սպառնալիքները հնչեցվել են ի պատասխան այն բանի, որ նա ընդամենը հրաժարվել է համագործակցել այդ մարմնի հետ, ինչը հանդիսանում  է իր սահմանադրական իրավունքը: Հրայրն, ի դեպ, նաեւ AraratNews կայքի լրագրող է, իսկ վերջերս ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Այս ապօրինության կապակցությամբ Հրայր Մանուկյանը պաշտոնապես դիմել է ՀՀ դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

Ավելորդ չէ հիշեցնել ՀՀ ԱԱԾ-ին եւ պետական պատկան մյուս մարմիններին, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետությունն ապահովում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության եւ օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք (ՀՀ Սահմանադրություն, հոդված 3): Բացի այդ, հանրային ծառայության ընդունվելը անձի իրավունքն է, որն իր հերթին կազմում է մարդու անձնական կյանքը: Պետության կողմից յուրաքանչյուր միջամտություն մարդու անձնական կյանքին եւ կարծիքի արտահայտման ազատությանը, եթե դա դուրս է միջազգային նորմերով սահմանված համաչափության դաշտից, պետք է դատապարտվի:

Պետությունը միջազգային նորմերին համապատասխան կրում է պարտավորություններ ոչ միայն չխախտելու մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլեւ թույլ չտալու դրանց խախտումը այլ անձանց կողմից, այդ թվում պաշտոնատար կամ մասնավոր անձանց: Վերջապես, Հայաստանի ազգային անվտանգության մարմինները կոչված են պաշտպանել եւ ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու շահերը, այլ ոչ թե սպառնալիք հանդիսանալ դրանց համար: Պետական մարմինները պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե անմտորեն կատարեն իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կամ մեկ մարդու քաղաքական պատվերները: Անվտանգության ծառայություններում անհատ քաղաքացիներին հավաքագրելը՝ լրտեսելու սեփական քաղաքացիներին, տոտալիտար համակարգի եւ ոստիկանական պետության առավել  բնորոշ առանձնահատկություններից են: Հայաստանը  նման  պետության վերածելը արդյունք է իշխանության զավթման:

Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ՀՀ ԱԱԾ-ի ապօրինի գործողությունները Հրայր Մանուկյանի հանդեպ եւ պահանջում է ՀՀ պատկան մարմիններից.

—        բացահայտել ապօրինություն կատարած ՀՀ ԱԱԾ աշխատակցին ու այդ գործողությունը նրան հանձնարարած վերադաս անձանց եւ պատասխանատվության ենթարկել նրանց օրենքի ողջ խստությամբ.

—        միջոցներ ձեռնարկել Հրայր Մանուկյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ.

—         վերացնել այսուհետ ՀՀ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից մարդկանց ստիպողաբար հանրային ծառայության հավաքագրման առկա արատավոր գործելաոճը:

 

18 հուլիսի,  2014թ., Երեւան

ԵՄ Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմ»