տուն Քաղաքական Վերլուծական Եկել է քաղաքական հայրերից հրաժարվելու ժամանակը

Եկել է քաղաքական հայրերից հրաժարվելու ժամանակը

325
0

Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պարբերաբար ընդդիմադիր դաշտում ի հայտ են եկել տարբեր քաղաքական գործիչներ, ուժեր, ովքեր հետագայում կամ անհետացել են, կամ համալրել կերակրատաշտակին մոտեցած գործիչների և ուժերի շարքը: Սակայն եթե դիտարկենք այս ուժերի կամ նրանց գործիչների կենսագրականները, ապա նրանք մեծամասամբ 90-ականներին ձևավորված քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ են:

Այդ շրջանում ձևավորված էլիտան, իր դրական հատկանիշներով հանդերձ, կրողն էր նաև սովետական քաղաքական դպրոցի` հիմնված անձի պաշտամունքի և ավտորիտար կառուցվածքի վրա: Հետագայում այս ամենին ավելացան նաև քրեական տարրերը, և ներկայիս թայֆայական, նեղ անձնական շահերով առաջնորդվող քաղաքական էլիտան պատրաստ էր:

Ավելի քան 20 տարիների ընթացքում Հայաստանում տեղի չի ունեցել քաղաքական սերնդափոխություն: Հիմնական առաջնորդները, գործող անձինք եղել են այդ նույն 90-ականներին ձևավորված քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, ովքեր կրողն են այդ էլիտայի քաղաքական մտածելակերպի, ինչն էլ հենց  էական փոփոխություններ բերելու համար խնդիրներ է առաջացնում:

Բանն այն է, որ այդ նույն էլիտայի մաս հանդիսացած և այսօր բարիկադի տարբեր կողմերում հայտնված գործիչները շատ լավ ճանաչում են միմյանց, փոխադարձաբար գիտեն միմյանց թույլ և ուժեղ կողմերը, ինչն էլ ավելի կանխատեսելի է դարձնում և իշխանությանը, և ընդդիմությանը: Սրան եթե ավելացնենք, որ իշխանությունները միշտ տիրապետում են ավելի մեծաքանակ, այդ թվում՝ ուժային ռեսուրսների, ապա իշխանափոխության իրականացումը առանց քաղաքական սերնդափոխության դառնում է գրեթե անհնար: Սրան նպաստում են նաև տարիների ընթացքում ձևավորված միջանձնային, բարեկամական, խնամիական կապերը:

Այսօր կարելի է փաստել, որ նոր սերունդը չի խորշում  բաց գործունեությունից, հակասությունները քննարկման դաշտում լուծելուց, աստիճանաբար հրաժարվում է հերոսականացումից, դեմ է դուրս գալիս ավտորիտար հարաբերություններին ու փակ քաղաքականությանը, իր պայքարը կառուցում է ապակենտրոնության, նորարարության, ստեղծագործականության, ներառողականության վրա: Հենց այս հատկանիշներն են, որոնք հնարավորություն չեն տալիս վարչախմբին ամբողջությամբ ճանաչել հակառակորդին: Մինչև նոր կիրառվող մարտավարության, դաշտ գցվող գաղափարների վերլուծություն է իրականացվում, ստեղծվում են սրանց հակագործիքները, ի հայտ են գալիս նորերը:

Նման պայմաններում ձևավորվում է քաղաքական սերնդափոխության հրամայականը, ինչն էլ կարող է բերել էական փոփոխությունների, հետևաբար՝ հին սերնդին մնում է միայն փոխանցել իր փորձը, իսկ դաշտը թողնել երիտասարդներին:

Եկել է քաղաքական հայրերից հրաժարվելու ժամանակը:

Նարեկ Ամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here