Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովը պաշտպանել է ռուսական պատվիրակությանը մինչև տարվա վերջ ձայնի իրավունքից զրկելու բանաձևը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պատվիրակության փոխնախագահ, Պետդումայի ԱՊՀ-ի գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Հարկ է նշել, որ հանձնաժողովը կողմ է քվեարկել պատժամիջոցների «թեթև տարբերակին»։ Բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի՝ ՌԴ պատվիրակության իրավասություններն ամբողջովին սառեցնելու առաջարկը չի ընդունվել։
Սա, փաստորեն, եղավ ԵԽԽՎ-ի արձագանքը Ղրիմում Ռուսաստանի գործողություններին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ հնարավոր պատժամիջոցներին ի պատասխան՝ կարող է ընդհանրապես հրաժարվել նիստերին մասնակցությունից։