ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցին և նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությանը, թե ստեղծվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ աշխատանքային խումբ:
«Իմ կարծիքով՝ կամ ցնծությամբ պիտի ընդունենք, կամ մերժենք։ Կա ճանապարհային քարտեզ, որը պետք է քննարկվի, որպեսզի մեր անդամակցության ընթացքում ապահովվեն նաև մեր շահերը։ Մաքսային միության հարցում մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար։ Կհանդիպենք երկրի նախագահի հետ, նա կփոխանցի մեզ ինֆորմացիան»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Եվրախորհրդարանի՝ եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ բանաձևին անդրադառնալով, որում մտահոգիչ ձևակերպումներ կան Լեռնային Ղարաբաղի հարցով, Գալուստ Սահակյանն նշել է, որ դա կապ չունի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ:
«Ի՞նչ կապ ունի Մաքսային միությունը Եվրախորհրդարանի հետ: Ոչ թե մենք գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որ շահեկան վիճակներ ստեղծենք: Մի ձեզ ներշնչեք, որ մեր պետությունը շահագրիգիռ է որևէ պետության պոչից քայլել»,- նշել է նա:
Գալուստ Սահակյանը հավելել է, որ այնպես չէ, թե Հայաստանը մեկ հարվածով է մտնելու Մաքսային միություն: Եթե քաղաքական վտանգ կլինի, Հայաստանը կընտրի մեկ այլ ճանապարհ:
Թե ինչի՞ արդյունք էր ԵԽ հակահայկական բանաձևը, Գալուստ Սահակյանը հստակ չի մեկնաբանել: «Դա փաստաթուղթ է, որի բովանդակությունը իրավական հիմք չի կարող հանդիսանալ»,- ասել է նա:
Էմմա Պալյան