Մենք ավելի շատ դատողություններ պետք է անենք ոչ այնքան նրա ասածից, որքան նրա արածից: Այս մասին ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանըˋ անդրադառնալով երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում նա քննադատել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ներկայիս կառավարությանը:
«Եթե Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված հարց է առաջանումˋ որպես վարչապետ, թե որպես նախագահի թեկնածու, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, ոչինչ բացառված չէ: Եթե նա նման մտադրություն ունեցավ, քաղաքական դաշտում դրա համար որեւէ խոչընդոտ, գոնե այս պահին, չեմ տեսնում»,- ասաց Ռ. Մեհրաբյանը:
Նա հավելեց, որ ԲՀԿ-ում եւ ՀՅԴ-ում վերջին ամիսներին ընթացքում նկատվեց ակնածանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նույնիսկ ավելինˋ որոշակի լոյալություն կար նաեւ ՀԱԿ-ի կողմից:
«Բավական հեղհեղուկ վիճակ է ստեղծված: Ես կարծում եմ, որ ապագան կանխորոշելու է, այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակության դիրքորոշումը: Այդ ակտիվությամբ է պայմանավորված՝ հետագա զարգացումների մեջ նվաճո՞ւմ է լինելու, թե՞ կորուստ»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը: