Եթե 4 ոչ իշխանական ուժերն անկախ են, իրենք այս պահին Սերժ Սարգսյանի իմփիչմենթի գործընթացը պետք է սկսեին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժողովրդավարական երկիր» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Իրենք սպասելու են հաջորդ հրահանգին, թե ինչ անեն, որպեսզի մինչեւ 2017 թիվը կարողանան ջրի երես մնալ, որպեսզի ներգրավվեն ֆրակցիաներում: Փաստորեն քառյակից առնվազն երկուսը մաքուր պարագլուխների հետ են համագործակցում, աշխատում՝ դա ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն են, ՀԱԿ-ը սպասարկում է ԲՀԿ-ին: Միայն «Ժառանգությանը» վերպահումով եմ մոտենում»,-ասում է Մակեյանը:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներինˋ ասաց, որ ոչինչ չանելը շատ ավելի վատ է:
«Ինչ որ բան անելը նորմալ է: Հովհաննիսյանը ացած տարվա կատարվածից հետո փորձում է ինչ-որ բան անել, որովհետեւ արձանագրված էր, որ 500 հազարից ավել քվե է ստացել եւ, բնականաբար, ինքը պատասխանատվություն է կրում: Փորձում է ինչ-որ բան անել, համագործակցում է, բայց թե ինչ կստացվի՝ չենք կարող ասել: Բայց վարչապետի հրաժարականը այս պահին թուլացրեց Հովհաննիսյանի հավաքները, որովհեետւ հասարակության մի ստվար զանգված սպասում է, որ այս փոփոխություններից կարող է ինչ-որ բան փոխվի դեպի դրականը երկրում: Այս առումով համախմբման որեւէ գործողություն բարենպաստ չի լինելու»,-ասում է Մակեյանը: