տուն Լուրեր Եթե կառավարությունը մեկ-երկու համերգ կրճատիˋ հնարավոր կլինի խոցելի ոլորտների ֆինանսավորումը լիարժեք իրականացնել.Կարեն...

Եթե կառավարությունը մեկ-երկու համերգ կրճատիˋ հնարավոր կլինի խոցելի ոլորտների ֆինանսավորումը լիարժեք իրականացնել.Կարեն Անդրեասյան

214
0

9999999999999999999999

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հաջորդ տարվա պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 213 մլն դրամ:

Այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դժգոհել է իրենց ֆինանսավորումից: Պաշտպանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը հայտարարել էր, որ ՄԻՊ գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհային ծրագրերից, որպեսզի միջազգային կառույցներից անկախ գործի, փոխարենը պետք է ֆինանսավորվի պետբյուջեից, սակայն պետք է պետությունից էլ անկախ գործի:

Օմբուդսմենի խոսքով՝ այսօր լրանում է իրենց վերջին դրամաշնորհային ծրագրի վերջին պայմանագրի ժամկետը, հետևաբար պետբյուջեից պետք է ֆինանսավորումն ավելանա: Նա նշել է, որ իրենք բյուջետային հայտ են ներկայացրել՝ հաջորդ տարվա համար 244 մլն դրամ ստանալու համար, սակայն այսօրվա դրությամբ բյուջեի նախագծում բավարարված է միան 213 մլն-ը:

«Մեզ չեն տալիս 31 մլն դրամը, որը մենք լրացնելու էինք դրամաշնորհների հաշվին: Դրանից 15 մլն-ն մարզային վեց գրասենյակիներից երեք գրասենյակների համար էր, որ խնդրել էինք: Տաս մլն դրամ արագ արձագանքման համար էր: Եթե այդ 31 մլն դրամը վերջնական մերժվի, ապա հունվարի 1-ից այևս չի գործի արագ արձագանքման խումբը»,- հայտարարել է օմբուդսմենը:

Նա նշել է, որ դա մի ծառայություն է, որը նախորդ տարի 1025 ահազանգի է պատասխանել, որոնցից ավելի քան 300-ով արագ արաձագանքում է իրականացրել: Արագ արձագանքման խումբը գործել է երթերի, ցույցերի ժամանակ բռնությունների կիրառման դեպքերում, զորամասերում և այլ փակ հաստատություններում որոշակի ապօրինություներ են կանխել:

«Այս ծառայությունը և իշխանության, և ընդդիմության կողմից դրական է գնահատվել, և ցավալի կլինի, որ 10 մլն դրամ չունենալու պատճառով զրկվեինք այդ ծառայությունից»,- ասել է նա: Ֆինանսավորման բացակայության պատճառով մարզային վեց գրասենյակներից երեքը հունվարից չեն գործի:

Անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին՝ Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ իր դեպքում իջեցում է տեղի ունեցել: Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով իր աշխատավարձը պետք է հավասարեցվեր Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: Իր աշխատավարձի գործակիցը, սակայն, այդ նախագծով 0.5-ով ավելի ցածր է, քան Սահմանադրական դատարանի նախագահինը:

Օմբուդսմենը նաև նշել է, որ օրենքով փորձում են նաև սահմանափակել իր լիազորությունները: «Ես դա կբարձրաձայնեի և որպես ճնշում կդիտարկեի իմ նկատմամբ, որ փորձում են ինձ ճնշել, սահմանափակել իմ գործունեությունը: Քանի որ իմ իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն պատգամավորները, ես կզբաղվեմ 2.5 մլն բնակչության իրավունքներով: Խնդրում եմ ինձ օգնել գոնե 10 մլն դրամ հայթայթելու համար, որ արագ արձագանքման ծառայությունը պահենք, այդ երեք հաստիքը պահենք»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով կառավարությանը՝ Կարեն Անդրեասյանը նկատել է, որ կառավարությունում խոսում են լավ մեքենաների, վերանորոգումների մասին:

«Ճիշտ է, կենսաթոշակների բարձրացման մասին էլ են խոսում, բայց նաև այլ խնդիրների մասին են խոսում: Բոլորս պատկերացնում ենք, թե արագ արձագանքման ծառայության 10 մլն դրամը կառավարությունում ինչի հետ կարելի է համեմատել»,- ասել է նա:

Կարեն Անդրեասյանը նաև հայտարարել է՝ եթե կառավարությունը մեկ-երկու համերգ կրճատի, մեկ-երկու գործուղում կրճատի, մի քանիսին բուժման համար գումար չհատկացնի, հնարավոր կլինի խոցելի ոլորտների ֆինանսավորումը լիարժեք իրականացնել:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here