տուն Արցախ Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն...

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը

173
0

Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա։ Այս մասին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը տարածել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

«Տասնհինգ տարուց ավելի է, ինչ ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին ու մշտապես հիացել և զարմացել եմ նրա տարբերվող տեսակով, գիտելիքների մեծ պաշարով և կյանքի հանդեպ ունեցած մեծ հետաքրքրությամբ։ Ճիշտ է, նա զբաղվում է Արցախի տնտեսական խնդիրներով, իր գործի գիտակն է, սակայն չի սահմանափակվում միայն դրանով, մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, իր աշխատանքը կառուցում առաջադեմ մոտեցումների վրա և ձգտում նորարարական մտքի նվաճումները ներդնել Արցախում։ Հավատացեք, շատ չեն նման գործիչները՝ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։

Արայիկ Հարությունյանին բնութագրելիս պետք է առանձնացնեմ երկու կարևոր հատկանիշ․ առաջինն այն է, որ նա շատ հեշտ է շփվում տարբեր տեսակի մարդկանց հետ, ունի շփման լայն շրջանակ, իսկ երկրորդը՝ նրա հետ հեշտ է աշխատել, քանի որ նա իր խոստման տերն է։ Մենք համատեղ շատ նախագծեր ենք իրականացրել, ձեռք ձեռքի տվել և ասել, որ պետք է անենք։ Ու նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ բաներ են փոխվել, մեր պայմանավորվածությունը պահպանվել է։ Դա գործնական հարաբերություններում շատ կարևոր հատկանիշ է, առավել ևս՝ պետական պաշտոնյայի համար»,- ասել է Վարդանյանը և հավելել, որ Արցախում մենք հաղթանակ ենք տարել, բայց այդ հաղթանակը պետք է ոչ միայն պատերազմի դաշտում կերտել, այլ նաև խաղաղ պայմաններում․ «Մենք հաղթել ենք, որպեսզի հայ ժողովուրդն իր պատմական հողում ապրի ազատ, հաջողակ և երջանիկ, այսինքն՝ բավարարվել միայն պատերազմի հաղթանակով չի կարելի»։

Վարդանյանը նշել է, որ անցած տարիների ընթացքում Արցախում բազմաթիվ ծրագրեր ենք կյանքի կոչել. նախատեսում ենք նաև նորերը: Դրանցից է Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու կառուցումը, քանի որ ճոպանուղին ծառայելու է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլ նաև լուրջ գործոն է հանդիսանալու Շուշիի զարգացման և զբոսաշրջության խթանման համար:

«Ես շատ ուրախ կլինեմ, որ իրենք ընտրեն Արայիկ Հարությունյանին՝ որպես նախագահ, քանի որ նա շատ փորձառու է և, իսկապես, շոշափելի օգուտ կբերի Արցախին: Եթե Արայիկ Հարությունյանը ընտրվի ԱՀ նախագահ, ես կաջակցեմ նրա ծրագրերի իրականացմանը, այն է՝ Արցախի զարգացմանը, և վստահ եմ, որ մեր համագործակցությունն ավելի կզարգանա և կամրանա»,- նշել է Ռ. Վարդանյանը։