տուն Քաղաքական Եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին...

Եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին չենք․ պատգամավոր

216
0

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն հանձնաժողովի այսօրվա նիստում ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարություններին, թե երկրում սահմանադրական ճգնաժամ չկա:

«Այն Սահմանադրական դատարանը, որը նախատեսված է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով, ձևավորվելու է միայն 2037 թվականին: Վայ այն իշխանությանը և վայ այն պետությանը, որը ցանկանում է ձևավորել ցանկալի, լոյալ դատական համակարգ: Այդ լոյալ դատական համակարգի արդյունքը, որպես կանոն, այդ իշխանության վախճանի հիմքն է լինում»,- ասաց Վարդանյանը:

Նա նշեց, որ սահմանադրական ճգնաժամ կա երկրում: «Ենթադրենք, համաձայնեմ ձեր դիրքորոշման հետ, որ սահմանադրական ճգնաժամ չկա: Իսկ մի հարցի կարո՞ղ եք պատասխանել՝ ինչո՞ւ Սահմանադրական դատարանը 2018 թվականի ապրիլից սկսած մինչ օրս չի կարողանում ընտրել փոխնախագահ: Դիցուք, համաձայնեմ ձեզ հետ, որ դատավոր Վահե Գրիգորյանը չի աշխատում և ստանում է պարգևավճարներ, հարց եմ տալիս՝ ՍԴ-ում այդ վարքագիծը որևէ եղանակով գնահատականի արժանանո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսում ենք դատավորների մասին, գործո՞ւմ է այս Սահմանադրությունը, թե՞ ոչ: Եթե գործում է, ապա ՍԴ դատավորները ևս՝ և նախկին, և ներկա, լեգիտիմ իրավունք ունեն առաջադրվելու որպես ՍԴ նախագահ: Ունե՞ն գործնականում նման իրավունք, թե՞ ոչ: Գործնականում չունեն, և մինչև 2037 թվականն այդ իրավունքից զրկված ենք լինելու: Սա նորմա՞լ է, բնականոն սահմանադրական զարգացո՞ւմ է,- ասաց նա՝ նշելով,- եթե այսքանից հետո ասում եք՝ ՍԴ-ում չկա ճգնաժամ, ուրեմն մենք օրենսդիր մարմին չենք»։