Այսօր Ազգային Ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ եզդիները հավաքվել Էին Ազգային Ժողովի առջեւˋ նրան նվիրելու զուգարանի թուղթ եւ մի ծաղրանակար:
Նա ասաց, լրագրողներին, ում հետ ինքը խոսել է երեկ, ասել է, որ լրագրողը պետք է ավելի մակարդակ ունենա քան փողոց մաքրող եզդին:
Իսկ ինչ վերաբերում երեկˋ եզդի երիտասարդների ակցիային, նա պատասխանեց, որ նախ եզդիներն ակցիա են անցկացրել ապատեղեկատվության պատճառով եւ նրանց պահվածքն այդ դեպքում հասկանալի է:
«Շա՞տ մարդ եք ճանաչում Հայաստանում, որը հանդիպել է Քրդստանի վարչապետի և նախագահի հետ: Շա՞տ մարդ եք ճանաչում պատգամավորների մեջ, ովքեր այցելել են եզդիների սրբավայր», — նշեց նա, հավելելով, որ եզդիներին վերաբերվում է այնպես, ինչպես բոլոր ազգերին:
Անդրադառնալով «Ինչ, որտեղ, երբ» խաղին, նա պնդեց, որ դա օրենքի խախտում չէ:
«Ո՞վ է ասել, որ դա օրենքի խախտում է: Ոչ մի օրենք էլ չի խախտվում, օրենք գրողը ես եմ, չի խախտվում: Ապացուցեք, որ օրենք է խախտվում», — ասաց նաˋ հավելելով, որ ինքը հովանավորում է այդ խաղը:
Բադեյանի կարծիքով, կան որոշ լրագրողներ, որոնք սադրանքով են զբաղվում: Նա նշեց, որ իր խնդիրը որոշ սադրիչ լրագրողների հետ է:
Անդրադառնալով երեկ խորհրդարանում իր պահվածքին և լրագրողներին «արա»-ով դիմելուն, նա ասաց.
«Արա-ն չի վերաբերվել և չի կարող վերաբերվել որևէ աղջկա, արա-ն բացականչություն է: Բացի նրանից, որ անուն է կամ վիրավորական դիմելու ձև, այն նաև բացականչության ձև է», — մեղմ ասած, պարզաբանեց նա: