Եգիպտոսի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Ամր Մուսան երկրի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրին է ներկայացրել երկրի Սահմանադրության նոր տարբերակը: 50 մարդուց բաղկացած հատուկ հանձնաժողովը կիրակի օրը քվեարկել է այդ տարբերակի օգտին, որի վրա աշխատել է մոտ երկու ամիս: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:
Մանսուրի ստորագրությունից հետո մեկ ամիս անց, Սահմանադրության նոր տեքստը կհանվի հանրաքվեի: Նոր սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի վերին պալատի ցրում: Եգիպտոսի նախկին արտգործնախարար Ամր Մուսան հայտարարել է, որ նոր խորհրդարանը կունենա մեկ պալատ:
Բացի այդ, որոշում է կայացվել սահմանադրությամբ արգելել կրոնական հիմքով ստեղծվող կուսակցությունների գրանցումը: Այս սկզբունքը կար նաև նախորդ սահմանադրությունում, սակայն այն կոպտորեն խախտվել է այժմ արգելված «Մուսուլման եղբայրների», ինչպես նաև սալաֆիական «Ալ-Նուրի» կողմից: