տուն Հասարակություն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան այն երկրից, որտեղ աշխատել են

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան այն երկրից, որտեղ աշխատել են

255
0

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կենսաթոշակ կստանան այն երկրից, որտեղ աշխատել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նիստի ընթացքում ստորագրել ենք «ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիր»-ը, որը զգալի առաջընթաց է աշխատողների ռեսուրսի միասնական շուկա ստեղծելու ճանապարհին»,- ասաց վարչապետը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ավելի վաղ պարզաբանել էր համաձայնագրի նպատակը:

«Գործող իրավակարգավորումներով` կողմերի քաղաքացիների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն երկրի օրենսդրությամբ, որի տարածքում բնակվում է անձը՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատել: Այսինքն, եթե ես աշխատել եմ ՌԴ-ում, բայց տեղափոխվել եմ Հայաստան, ստանում եմ այստեղի օրենսդրությամբ: Այժմ անցում կկատարվի համամասնության սկզբունքի, այսինքն՝ թոշակը կստանա այնտեղից, որտեղ աշխատել է»,- նշել էր Սաիյանը: