ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը) առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Այս մասին ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած միասնական հանդիպումից հետո իրենց գործունեության վերաբերյալ, ներառյալ՝ վերջերս Փարիզում և Ժնևում ունեցած խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
Համանախագահները նշել են ամառվա ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված կողմերի ջանքերի դրական արդյունքները` խոր ափսոսանք հայտնելով վերջին դժբախտ պատահարի առնչությամբ:
Համանախագահներն ու նախարարները քննարկել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը և առարկայական քննարկումների համար նպաստավոր մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը: