տուն Քաղաքական Ե՛ւ նալին, ե՛ւ մեխին. Մարուքյանը հակասում է ինքն իրեն

Ե՛ւ նալին, ե՛ւ մեխին. Մարուքյանը հակասում է ինքն իրեն

405
0

ԱԺ-ում ծեծկռտուքից հետո բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մասնակցեց խորհրդարանի ճեպազրույցներին, պատասխանեց լրագրողների հարցերին: Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի պատասխանները, սակայն, նոր հարցեր եւ տարակուսանք առաջացրին:

Նախ՝ ինչու նախկինում՝ ՀՀԿ-ի օրոք, երբ Էդմոն Մարուքյանը անկախ պատգամավոր էր, իրեն չէր պահում այնպես, ինչպես այս խորհրդարանում, չէր օգտագործում այնպիսի բառեր, ինչպես հիմա: Սա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունն է: Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասում է՝ իրենցից այդ հայտարարությունը փաստող ապացույցներ չպետք է պահանջեն: Դրանք ասողը պետք է հիմնավորի:

Սակայն ինչպե՞ս հիմնավորի Լիլիթ Մակունցը մի բան, որը, ըստ էության, նախկին իշխանության օրոք չի եղել: Մինչդեռ այս իշխանության օրոք փաստերով հստակ երեւում է, թե ինչպես է իրեն պահել ԼՀԿ խմբակցության ղեկավարը, ինչ սադրանքների է դիմել նոր խորհրդարանի երդմնակալությունից հետո 2019 թ-ից: Հետևաբար, այս իրավիճակում արդյոք հենց Էդմոն Մարուքյանը հանրությանը չպետք է ցույց տա, որ իր գործելաոճում առաջ եւ հիմա փոփոխություն չի եղել: Մինչդեռ նա ապացուցման բեռը, չգիտես ինչու, տեղափոխում է իշխանական ճամբար:

Էդմոն Մարուքյանի հակասական մյուս հայտարարությունը ԱԺ նիստերին մասնակցելու մասին է: Ե՛ւ նալին, ե՛ւ մեխին՝ ժողովրդական խոսքով այսպես կարելի է բնութագրել նրա պատասխանը: «Պետք է մեզ երաշխիքներ տան, որ բռնություն չի լինի, եթե չլինի էլ՝ մենք կգանք»,- հայտարարեց պատգամավորը:

Հարց է ծագում՝ եթե երաշխիքների լինել-չլինելուց անկախ մասնակցելու էիք ԱԺ նիստերին, որն էր ձեր բոյկոտի իմաստը։ Կամ՝ ինչ երաշխիքների մասին է խոսքը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտեց բռնությունը, քննադատեց նաև իր թիմակցին, ավելին՝ ծեծկռտուքին մասնակցած «Իմ քայլի» պատգամավորները պատրաստ են մանդատները վայր դնել, եթե «Լուսավոր Հայաստանի» եւս 3 պատգամավոր կհրաժարվեն մանդատներից:

Էդմոն Մարուքյանը խորհրդարանական կոռեկտ լեքսիկոնի մասին է խոսում, բայց օրեր առաջ՝ ուղիղ եթերի ժամանակ, նորից սադրանքի լեզվով էր խոսում. «Այ վիզ կտրողներ, ո՞ւր եք, բա վիզս ինչի՞ չեք կտրել: Եկեք կտրեք, հը՞»:
Եթե ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, ինչպես հավաստիացնում է, խաղաղության, համերաշխության, ժողովրդավարական արժեքների կրող է, այս բառապաշարն ու գործելաոճը ինչպե՞ս հասկանալ:

Մի ուշագրավ հայտարարություն եւս հնչեցրեց Մարուքյանը: Նախկին իշխանությունը, նրա խոսքով, իրեն, իր թիմակից կնոջը հետեւողականորեն չեն վիրավորել: Ընդամենը մեկ անգամ, Մարուքյանի բնութագրմամբ, միամիտ, մի տեղ, պատահական Արտաշես Գեղամյանը հարվածել է Նիկոլ Փաշինյանին, երբ միասին  աշխատում էին ԱԺ-ում որպես «Ելք» խմբակցության անդամներ: Տեղին է հիշել դասականի խոսքերը՝ յա, իրո՞ք: Միամիտ, պատահական ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է Նիկոլ Փաշինյանի վրա: Մի կուսակցություն, որի ներկայացուցիչները թե՛ լրագրողների, թե՛ նույն Նիկոլ Փաշինյանի հանդեպ շմայսակերպ, թոխմախակերպ, ծնոտ ջարդելու պահվածք են դրսեւորել, ռեպլիկներ բաց թողել Փաշինյանի ընդդիմադիր սուր, բայց կոռեկտ ելույթներին:  Բայց արի ու տես, որ Մարուքյանը այս ողջ պատկերը թողած՝ անձնավորված է խոսում, մոռանում, որ իրեն չէին էլ կարող որեւէ թթու խոսք ասել, քանի որ իշխանության համար «վտանգ» չէր ներկայացնում, ավելին՝ կողմ էր քվեարկում իշխանության շատ նախագծերի: