Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար ավագ Դևիդ Բեքհեմը հաստատել է այն տեղեկությունը, որ պատրաստվում է Մայամի քաղաքում հիմնել ֆուտբոլային ակումբ, որը հանդես կգա հյուսիս-ամերիկյան ֆուտբոլային լիգայում` MLS-ում:
«Ուրախ եմ, մնալու եմ MLS-ի մի մասնիկը: Ինձ զարմացրեց Մայամին, որը շատ կենսախինդ քաղաք է: Ես այստեղ էի NBA-ի խաղի ժամանակ, դիտել եմ «Դոլֆինզի» խաղն Ազգային ֆուտբոլային լիգայում: Այս քաղաքի բնակիչները սիրում են իրենց մարզական թիմերը»,- ասել է Բեքհեմը` հավելելով, որ կցանկանար իր նոր թիմում տեսնել որդուն` Բրուքլինին:
Բեքհեմի հետ թիմի համասեփականատեր կլինեն նաև բրիտանացի գործարար Սայմոն Ֆուլերը և բոլիվիացի միլիարդատեր Մարսելո Կլարան: Նման թիմ հիմնելու և MLS-ու հանդես գալու համար ակումբը պետք է վճարի 25 մլն դոլար: