Ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Յեմենջյանը իր էջում տեղեկացրել էր, որ Երևանի թիվ 160 դպրոցի տարածքում կատարվել է երեխայի առևանգման փորձ։ Դեպքը տեղի է ունեցել երեկ, ցերեկային ժամերին: Օգտատիրոջ հրապարակած տեսանյութում երևում է ենթադրյալ հանցագործը:
Տեսանյութը` Ալինա Յեմենջյանի ֆեյսբուքյան էջից
Կատարվածի մանրամասները ճշտելու նպատակով Araratnews-ը կապ հաստատեց 160 դպրոցի տնօրինության հետ: Փոխտնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը հաստատեց, որ նման դեպք իսկապես եղել է, բայց չցանկացավ միջադեպը կապել իրենց դպրոցի հետ, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել դպրոցի տարածքից 400 մետր հեռավորության վրա։ Փոխտնօրենը նշեց, որ հարցով պետք է զբաղվեն երեխայի ծնողները, դպրոցն այստեղ անելիք չունի: Բայց, քանի որ առևանգման փորձը կատարվել է իրենց դպրոցի առաջին դասարանցիներից մեկի նկատմամբ` միայն այդքանով է դեպքն առնչվում իրենց հետ:
Մարտիրոսյանը հայտնեց, որ ոստիկանությունից դպրոցի հետ արդեն կապ հաստատել են, սակայն դեպքի մասին իրավապահ մամիններին հայտնել են երեխայի ծնողները, ոչ թե դպրոցի տնօրինությունը:
Ինչպես հայտում են ոստիկանությունից` փետրվարի 4-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր 7-ամյա դստեր հետ զրուցելով՝ իրենց շենքի մուտքին է մոտեցել մի անծանոթ տղամարդ։ Տարբեր խոստումներ տալով՝ երեխային տարել է շենքի վերջին մուտքի մոտ և ներս կանչել։ Սակայն երեխան շենքի մուտք չի մտել և դիմել է փախուստի։ Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել է, որ տան մեծահասակներին ոչինչ չասի։
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ սա երեխաների առևանգման միակ փորձը չէ Հայաստանում: Երևանյան դպրոցների, մանկապարտեզների տարածքում նման միջադեպեր նախկինում ևս գրանցվել են: Փորձելով որոշակի վիճակագրություն ձեռք բերել Araratnews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, ով պարզաբանեց, որ լրատվամիջոցներում ներկայացված տեղեկատվությունը փոքր-ինչ չափազանցված է: Միջադեպին չի կարելի տալ առևանգման որակում, քանի որ դիմումատու ծնողը հենց պարզաբանելու նպատակով էլ դիմել է ոստիկանություն: Իրենք էլ աշխատում են անծանոթի գործողությունների նպատակը պարզաբանելու ուղղությամբ: Մեր հարցին, թե նախկինում նմանատիպ դեպքեր եղե՞լ են, Գաբրիելյանն ասաց, որ նման հատուկ դեպք չի հիշում: