տուն Լուրեր Դուք հո ինքնասպան «կամիկաձենե՞ր» չեք. Ն. Զոհրաբյանը՝ կուտակային կենսաթոշակը վճարելու պատրաստ ընկերություններին

Դուք հո ինքնասպան «կամիկաձենե՞ր» չեք. Ն. Զոհրաբյանը՝ կուտակային կենսաթոշակը վճարելու պատրաստ ընկերություններին

116
0

Naira-ZohrabyanՊարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգին վերաբերող օրինագծի քննարկմանը, երբ ԱԺ դահլիճում էր գործադիր մարմինը իր ղեկավարի հետ՝ ելույթի խոսք ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարեց, թե իրենք բնականաբար դեմ են քվեարկելու նախագծին։

 

Խոսելով նախագծի նկատմամբ հանրային վստահությունից՝ ԲՀԿ-ականը մեջբերեց մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորներից մեկի խոսքը, թե կապ չունի, եթե անգամ շահառուները չեն հավատում իրենց ապագային, պարտավոր են մասնակցություն ունենալ երկրի տնտեսության մեջ։

 

«Հարգելի գործընկերներ, այս նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան պետական ռեկետ: Այլ կերպ ձևակերպել հնարավոր չէ, ու կապ չունի 20, 30, թե 40 տարի հետո կտա՞ն քեզ կենսաթոշակ, թե ոչ, կարևոր է աշխատավարձի մասնաբաժինը տալը»,-ասաց նա։

 

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մինչև պարտադիր համակարգը՝ կամավոր համակարգի ժամանակ ԱԺ մեծամասնության և կառավարության որևէ ներկայացուցիչ, ում տարիքը ներում էր ներդրում կատարել ապահով ծերություն ապահովելու համար, չի կատարել։ «Որևէ մեկը նմուշի համար, չի օգտվել այս համակարգից»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է այն ձեռնարկատերերին, ովքեր պատրաստակամություն են հայտնել վճարել իրենց աշխատողների փոխարեն, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դա բլեֆ է։

 

«Կազմակերպությունները հերոսաբար իրենց վրա են վերցնում կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները. հասկանում ենք այս բլեֆի իրական նպատակները։ Նախ` եթե մասնավորն իր վրա նման պատասխանատվություն է վերցնում, նշանակում է, մեր երկրում պետական ինստիտուտները չեն աշխատում և պետությունը, որպես այդպիսին, չի կարող իր երաշխավոր գործիքները կիրառել»,-ասաց նա և ավելացրեց, թե դրանով պետությունը համաձայնում է նման ցուցադրական և թատերական շոուներ անելով իր նպատակին հասնել։

 

«Ես հարց եմ ուզում հղել այդ հերոսական կազմակերպություններին, որոնք վստահաբար կամ պարտադրաբար փորձում են գնալ այս հերոսական ակցիային։ Ի՞նչ է՝ դուք 20, 30, 40 տարի յուրաքանչյուր ամիս այդ գումարները վճարելու՞ եք: Իհարկե ոչ, դուք հո ինքնասպան «կամիկաձենե՞ր» չեք։ Իհարկե, այդ անձնազոհությունը, ինքնազոհությունը կամ կամիկաձեությունը տևելու է մի քանի ամիս, որպեսզի այս աղմուկը մարի և բնականաբար ասեք՝ եկե՛ք, աշխատե՛ք և ձեր պարտավորությունները պետության առջև կատարեք ինքնե՛րդ»,-նշեց նա և այդ հիմնարկների աշխատակիցներին կոչ արեց չհավատալ այդ «մեծ բլեֆին» և մտածել դրա իրական հետևանքների մասին։

 

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ոչ իշխանական 4 քաղաքական ուժերը դեկտեմբերի 17-ից կդիմեն ՍԴ։ «Ես ինձ չեմ համարում ռոմանտիկ մարդ, և ինձ համար արդեն իսկ կանխատեսելի է ՍԴ-ի վճիռը, բայց դա է առայժմ այս ճանապարհը»,-նշեց նա։

Մանրամասները` tert.am — ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here