ԱԺ-ում այսօր շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը: Հարցի շուրջ ելույթ ունենալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասաց, որ իրենց խմբակցությունը չի վստահում նոր կառավարությանը:
«Մեր քաղաքական թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները: Մենք չենք վստահում այն կառավարությանը, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության ու Սերժ Սարգսյանի կողմից: Մենք չենք ուզում համագործակցել ոչ լեգիտիմ և կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի հետ: Այս դահլիճում և դահլիճից դուրս են այն քաղաքական բանտարկյալները, որոնք ձեր շնորհիվ են բանտում հայտնվել: Հայաստանը լքում են Մարտի 1-ի զոհերի ծնողները և Հայաստանը դատարկվում է՝ երբևէ հույս չունենալով արդարադատության: Դուք կառավարություն ձևավորեցիք բիզնես ծրագիր իրականացնելու համար: Մեր թիմը քաղաքական ծրագրի մոտիվացիա ունի»,- ասաց պատգամավորը: