ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ-ում պատասխանեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչու կառավարությունը քաղաքացիների վերջին 2 տարիների խնայողություններից առաջացած գումարից չի ուզում աջակցություն տալ 5000 ընտանիքի, որոնք սոցիալական խնդիրներ ունեն: «Ձեր հետեւողականությունը ողջունելի է, բայց վստահ չեմ, որ նպատակ եք հետապնդում պատասխանը ստանալ: Պատասխանը ստացել եք: Ձեզ հետաքրքրում է գործընթացը եւ գուցե մեր պնդումների հանդեպ ուշադրություն չկենտրոնանալը»,- ասաց կառավարության անդամը:
Ֆինանսների նախարարը վստահեցրեց՝ կառավարությունը 100 միլիարդ դրամ չունի, ինչպես պնդում է Էդմոն Մարուքյանը: «Հայաստանի բոլոր բնակիչներին ուղղակիորեն ֆինանսական օգնություն բաժանելու առաջարկը դժվար է արդարացված անվանել»,- ասաց գործադիր մարմնի անդամը:
Ատոմ Ջանջուղազյանը ենթադրում է՝ Մարուքյանին դուր չի գալիս այն պատասխանը, որը հնչում է: «Մենք հասցեական ենք ուզում իրականացնել օգնությունը, ոչ թե հակառակը, ինչպես դուք եք ասում»,- ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: